Ազգային ժողովի ՀԱԿ խմբակցության ղեկավար Լևոն Զուրաբյանը բարձր է գնահատում խորհրդարանի ոչ իշխանական ուժերի համագործակցությունը: Ազգային ժողովում ճեպազրույցների ընթացքում Լևոն Զուրաբյանը նշեց, որ այդ համագործակցությունն աննախադեպ երևույթ է և հարկավոր է ամեն ինչ անել այն շարունակելու համար:

 

«Այս համագործացությունը մեզ հնարավորություն է տվել մեծ հնչեղություն ունեցող հարցերը արտահերթ կարգով մտցնել խորհրդ արան և քննարկել, ինչը շատ կարևոր երևույթ է, և մենք պետք է ամեն ինչ անենք, որպեսզի շարունակենք այս գործընթացը»,- նշեց Զուրաբյանը:

 

Նա նշեց, որ 4 խմբակցությունների օրակարգում կան տարբեր հարցեր, որոնք այս պահին քննարկման փուլում են, սակայն հրաժարվեց նշել, թե որոնք են առաջնային հարցերը և հետագա անելիքները: «Հիմա, եթե նույնիսկ ինձ խոշտանգեք, չեմ ասելու, թե որոնք են մեր առաջնային օրակարգային հարցերը: Այս պահին քննարկումներ են ընթանում տարբեր հարցերի շուրջ, և երբ արդեն պատրաստ կլինի մեր ընդհանուր որոշման փաթեթը, մենք դա կներկայացնենք բոլորին»,- ասաց Զուրաբյանը:

 

Անդրադառնալով խորհրդարանում գազի հանձնաժողով ստեղծելու վերաբերյալ նախաձեռնությանը, որը մերժվեց մեծամասնության կողմից՝ Լևոն Զուրաբյանը նշեց, որ իրենք այս պահին քննարկումներ են անցկացնում մյուս ոչ իշխանական խմբակցությունների հետ, իսկ հետագա անելիքների մասին կտեղեկացնեն հետագայում:

 

Ազգային ժողովի ոչ իշխանական չորս խմբակցությունները նախագիծ էին ներկայացրել ԱԺ քննարկմանը, որով առաջարկում էին գազի գնի հետ կապված խնդիրների ուսումնասիրության հանձնաժողով ստեղծել: ՀԱԿ խմբակցության պատգամավոր Արամ Մանուկյանը նշել էր, որ հանձնաժողովի հիմնական խնդիրն է լինելու ուսումնասիրել, թե երբ է կուտակվել գազի գնի դիմաց 300 միլիոն դոլար պարտքը և որոնք են գազի մեծածախ և փոքրածախ գների շոշափելի տարբերության պատճառները: Ազգային ժողովը քվեարկությամբ մերժեց խորհրդարանում գազի հանձնաժողով ստեղծելու նախագիծը: ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամ յանը խոստացել է հետագայում անդրադառնալ ոչ իշխանական ուժերի նախաձեռնությանը: