Հայաստանում տնտեսվարողները պարտավոր են մինչև փետրվարի 20-ը մուտքագրել առաջին կուտակային վճարները, որոնք կկրկնապատկվեն պետության կողմից։ Իսկ կենսաթոշակային ֆոնդերի կառավարիչները կսկսեն կառավարել այդ գումարները մարտի 2-3-ին։ Այս մասին Հայաստանի կապիտալի շուկային նվիրված կոնֆերանսի ժամանակ տեղեկացրեց ՀՀ ֆինանսների նախարար Դավիթ Սարգսյանը։ «Այս գործընթացով մենք սկիզբ ենք դնում ինստիտուցիոնալ մի բարեփոխմուն, որը, բացի մի շարք սոցալական և երկարաժամկետ ժողովրդագրական խնդիրներից, նաև շատ կարևոր ինստիտուտ է ձևավորելու «երկար» փողերի գեներացման և ներդրումների ներգրավման համար»,- նշեց նախարարը։
Հայստանում 2014 թ. հունվարի 1-ից գործում է պարտադիր կուտակային կենսաթոշակային համակարգը: Կենսաթոշակային նոր համակարգը Հայաստանի 1974թ.-ին և հետո ծնված յուրաքանչյուր քաղաքացու հնարավորություն է տալիս բարելավել իր ֆինանսական ապահովությունը ծերության ժամանակ՝ դիվերսիֆիկացնելով սեփական եկամտի աղբյուրները:
Կենսաթոշակային համակարգի մասնակիցների գումարները կուտակում են կենսաթոշակաին ֆոնդում, որը կառավարում է ֆոնդի կառավարիչը: Ֆոնդերի կառավարիչները երկուսն են՝ «Ամունդի-Ակբա Ասեթ Մենեջմենթ» ՓԲԸ-ն և «Ցե-Կվադրատ Ամպեգա Ասեթ Մենեջմենթ Արմենիա» ՍՊԸ-ն։ Գոյություն ունի կենսաթոշակային ֆոնդերի երեք տեսակ' կայուն եկամտային, պահպանողական և հավասարակշռված: Վերջիններս միմյանցից տարբերվում են ռիսկայնության աստիճանով: