Պարտադիր կենսաթոշակային ֆոնդ ընտրած մասնակիցների միջոցները հիմնականում տեղաբաշխվել են տեղական արժույթով' արտահայտված ժամկետային ավանդներում և պետական պարտատոմսերում: Այս մասին «Արմենպրես»-ի հարցմանն ի պատասխան տեղեկացրին «ԱՄՈՒՆԴԻ-ԱԿԲԱ ԱՍԵԹ ՄԵՆԵՋՄԵՆԹ» փակ բաժնետիրական ընկերությունից՝ նշելով, որ միջոցների տեղաբաշխումը կատարվել է կենսաթոշակային ֆոնդերի կանոններին համաձայն։ Ստացված գումարների հիմնական մասը բաժին է ընկել «ԱՄՈՒՆԴԻ-ԱԿԲԱ ԱՍԵԹ ՄԵՆԵՋՄԵՆԹ» ՓԲԸ-ի պահպանողական (կոնսերվատիվ) կենսաթոշակային ֆոնդին, սակայն չի նշվում հստակ տեղեկատվություն մասնակիցների քանակի վերաբերյալ, որոնք ընտրել են այս կամ այն ֆոնդը։
«Ցե-Կվադրատ Ամպեգա Ասեթ մենեջմենթ Արմենիա» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերությունից տեղեկացրին, որ ստացված կենսաթոշակային միջոցները ևս հիմնականում տեղաբաշխվել են Հայաստանի ֆինանսական շուկայի գործիքներում՝ ակտիվների դիվերսիֆիկացիայի սկզբունքին համապատասխան։ «2014 թվականի հունվար-ապրիլին պարտադիր կենսաթոշակայի ֆոնդ ընտրած մասնակիցների նախընտրություններն ըստ ֆոնդերի գրեթե հավասար են բաշխվել»,- նշեցին ընկերությունից։
Կենսաթոշակային ֆոնդերի ներդրումային գործունեությունը հիմնված է ակտիվների ապահովության և եկամտաբերության, ռիսկերի դիվերսիֆիկացիայի և համարժեք իրացվելիության ապահովման սկզբունքների վրա, որին հասնելու համար ներդրումները կատարվում են տարբեր ֆինանսական գործիքներում։ Ընդ որում՝ կառավարվող երեք կենսաթոշակային ֆոնդերը նախատեսված են տարբեր ռիսկերի հանդուրժողականություն ունեցող մասնակիցների համար և, հետևաբար, տարբերվում են ֆոնդերի կառավարման ռազմավարությամբ, գործիքակազմի նկատմամբ պահանջներով և սահմանաչափերով։
«Կուտակային կենսաթոշակների մասին» ՀՀ օրենքի հոդված 40-ի համաձայն՝ պարտադիր կենսաթոշակային ֆոնդի մասնակիցներին իրավունք ունեն ցանկացած պահի անվճար փոխելու նախկնում ընտրված պարտադիր կենսաթոշակային ֆոնդը կամ ֆոնդի կառավարչին։