Վրաստանի նախկին նախագահ Միխեիլ Սահակաշվիլին նամակ է հղել Թբիլիսիի Գլդանի շրջանի թիվ 18 բանտի հիվանդանոցից, որում հայտնել է, որ իրեն խաբությամբ այս հաստատություն են բերել Ռուսթավիի թիվ 12 բանտից, որտեղ նրան տեղավորել էին ձերբակալությունից հետո՝ հոկտեմբերի 1-ին։
Սահակաշվիլիի ձեռագիր նամակը եթերում ընթերցել է նրա փաստաբան, ընդդիմադիր «Մտավարի» հեռուստաընկերության հիմնադիր Նիկա Գվարամիան։ Ավելի ուշ՝ նամակի տեքստը հրապարակվել է Սահակաշվիլիի սոցցանցերի էջերում։
Ձերբակալման օրը հացադուլ հայտարարած Սահակաշվիլին պնդում է, որ բանտային հիվանդանոց տեղափոխելիս, որից նա կտրականապես հրաժարվել է վերջին երկու շաբաթվա ընթացքում, իրեն քաշքշել են, տապալել գետնին, քաշել մազերից և մի քանի անգամ հարվածել է պարանոցին։
Նախկին նախագահը բողոքել է նաև խցում գտնվելու օրերից, որտեղ վիրավորական բղավոցներ է լսել պատիժ կրող բանտարկյալներից։
Միաժամանակ, Սահակաշվիլին կոչ է արել իր կողմնակիցներին «չենթարկվել սադրանքներին», որոնք, նրա կարծիքով, պատրաստվում են իշխանությունների կողմից։
Բանտի ղեկավարությունը մերժել է Սահակաշվիլիի փաստաբանների և անձնական բժշկի՝ մինչև առավոտ բանտարկյալին այցելելու պահանջը՝ պատճառաբանելով ոչ աշխատանքային ժամերը։
Իրավապաշտպաններն արդեն սա անվանել են նախկին նախագահի իրավունքների խախտում։ Նրանք ընդգծել են, որ բժիշկն իրավունք ունի ցանկացած պահի այցելել 39 օր հացադուլի մեջ գտնվող Սահակաշվիլիին։
Միևնույն ժամանակ, Թբիլիսիի կենտրոնում, չնայած գիշերային ժամերին, բողոքի ցույցը շարունակվել է։ Ընդդիմության մի քանի հազար կողմնակիցներ «կառավարական թաղամասում» բողոքի ցույց են իրականացրել Սահակաշվիլիին բանտային հիվանդանոց տեղափոխելու դեմ։ Ոստիկանությունը բերման է ենթարկել որոշ ցուցարարների։
Իր հերթին, ոստիկանության ղեկավարության ներկայացուցիչները լրագրողների հետ զրույցում հերքել են լուրերն այն մասին, որ իրենք «խնդիր են ստացել» ընդդիմության առաջնորդներին բերման ենթարկել։