ԱՄՆ-ում գտնվող «Լրագրողների պաշպանության կոմիտե» (CPJ) կազմակերպության պատրաստած «Մամուլի ազատությամբ ռիսկի տակ գտնվող երկրների մասին զեկույց»-ում Թուրքիան տեղ է զբաղեցրել առաջին տասնյակում:
Իշխանություններին քննադատելու համար Թուրքիայում լրագրողները գտնվում են ոչ միայն աշխատանքից հեռացվելու վտանգի տակ, այլեւ ձերբակալվում են, քանի որ իշխանությունները մամուլում իրենց դեմ նրանց նշած քննադատական արտահայտություններն ահաբեկչության դեմ պայքարի օրենքի շրջանակում հանցագործություն են գնահատում:
CPJ-ն զեկույցում նշել է, որ Թուրքիայում կառավարության կողմից արվող ճնշումների հետեւանքով արագորեն նեղանում են խոսքի ազատության ու անկախ տեղեկատվության սահմանները: «Թուրքիան շարունակում մնալ որպես ամենաշատ լրագրող ձերբակալած եւ գրաքննություն անցկացնող երկրներից մեկը: Թուրքիայում բռնաճնշումների են ենթարկվում կառավարության դեմ բողոքի խաղաղ ցույցերի մասնակիցները: Ստամբուլի Գեզի զբոսայգու հետ կապված զանգվածային ակցիաների համար Թուրքիայի վարչապետ Ռեջեբ Թայիբ Էրդողանը մեղադրել է միջազգային մամուլը' բացահայտորեն ակնարկելով CNN-ին, BBC-ին եւ Reuters-ին: Թուրքիայի լրագրողների արհմիությունների տվյալներով' 2013թ. 22 լրագրողներ հեռացվել, 37-ին էլ հարկադրել են հրաժական տալ: Թուրքիայում բազմաթիվ լրագրողներ դեռեւս չդատված' պահվում են կալանավայրերում, իսկ շատերին էլ ցույց չեն տալիս իրենց նկատմամբ առաջադրված մեղադրականները», -ասվում է զեկույցում: