Մամուլի ազատության պաշտպանության «Լրագրողներն առանց սահմանների» միջազգային կազմակերպության աշխարհում մամուլի ազատության տարեկան Ինդեքսի համաձայն, որում ներառված են աշխարհի 180 երկրներ, Թուրքիան համարվել է աշխարհում մամուլի ամենախոոշոր բանտերից մեկը: Այս մասին հայտնում է կազմակերպության պաշտոնական կայքը:
«Բանտեր նետված լրագրողների թվաքանակը գերազանցել է բոլոր ռեկորդները եւ այժմ նրանք 60-ն են, ինչը Թուրքիան դարձնում է աշխարհում մամուլի ամենախոշոր բանտերից մեկը: 2013 թ-ին բողոքի աննախադեպ շարժումը ցուցադրել է թուրքական հասարակության ազատության ծարավը: Այն նաեւ ցույց է տվել իրավակարգի մարմինների դեմոկրատական մշակույթի դեֆիցիտի, ինչպես նաեւ բազմակարծության նկատմամբ սպառնալիքի առկայությունը, որը պայմանավորված է խոշոր մեդիախմբերի' վարչակարգին մոտ կանգնած բիզնես շրջանակների ձեռքում կենտրոնացվելու աճի հետ: 2013 թ. ամռանը լրագրողները մեծ գին վճարեցին Թուրքիայում կառավարության դեմ բողոքի շարժման դաժան ճնշման ժամանակ:
Բռնության սանձարձակությունը տեղի է ունեցել իշխանությունների հիսթերիայի ֆոնին, որոնք լրագրողներին եւ բլոգերներին մեղադրեցին կառավարությունը տապալելու նպատակով անկարգություններ կազմակերպելու մեջ: Դա բերեց լուրջ ինքնագրաքննության, իսկ իշխանություններին չզիջող լրագրողները հետապնդվում են», -ասվում է կազմակերպության 2013 թ. համար հրապարակած Ինդեքսում:
2013 թ. մայիսի սկզբին Ստամբուլի Գեզի այգու բնապահպանական պահանջներով սկսված բողոքի ակցիաները Թուրքիայով մեկ վերածվեցին հակակառավարական զանգվածային գործողությունների: Իշխանությունները դաժանաբար ճնշեցին ցուցարարներին, որի արդյունքում 5 մարդ զոհվեց, հարյուրավոր մարդիկ վիրավորվեցին, 1000-ից ավելի մարդ էլ ձերբակալվեց, այդ թվում նաեւ լրագրողներ: