Ֆրանսիայում մարտ ամսին կայանլիք ՏԻՄ (տեղական ինքնակառավարման մարմիններ) ընտրություններում Փարիզի քաղաքապետի թեկնածու Անն Իդալգոն, ով ներկայացնում է իշխող Սոցիալիստական կուսակցությունը, հայտնել է, որ Թուրքիայի ԵՄ անդամակցությունը հնարավոր է միայն Հայոց ցեղասպանությունը ճանաչելու դեպքում:
Թուրքական «Ջիհան» լրատվական գործակալությունը հայտնում է, որ Փարիզի քաղաքապետի թեկնածուն 2 կարևոր հարց է բարձրացրել, առանց որոնց լուծման Թուրքիայի ԵՄ անդամակցությունը անհնար է համարում: Մեկը Թուրքիայի կողմից մարդու իրավունքների պաշտպանության հարցում իրական առաջընթացի գրանցումն է, իսկ մյուսը՝ Հայոց ցեղասպանության ճանաչումը: Իդալգոն կողմ է արտահայտվել նաև Հայոց ցեղասպանության ժխտումը դատապարտող օրենքի ընդունմանը՝ հիշեցնելով, որ Ֆրանսիայի նախագահ Ֆրանսուա Օլանդը խոստացել է ընդունել նման օրենք, որը Սահմանադրական դատարանի կողմից չի մերժվի:
Իդալգո խոստացել է, որ քաղաքապետ ընտրվելու դեպքում կշարունակի ապրիլի 24-ին Փարիզի քաղաքապետարանի կողմից Հայոց ցեղասպանության հիշատակման ծրագրերը: Նա նաև հիշեցրել է, որ 2001 թվականից ի վեր նախկին քաղաքապետի հետ միասին մասնակցել է քաղաքապետարանում կազմակերպվող ցեղասպանության զոհերի ոգեկոչման միջոցառումներին: Իդալգոն խոսք է տվել իրագործել նախկին քաղաքապետի խոստումը՝ ֆինանսապես աջակցել 2015 թվականին Հայոց ցեղասպանության 100 ամյակին նվիրված միջոցառումներին:
Իսկ Փարիզի քաղաքապետարանը կշարունակի աջակցել հայ համայնքին 2015 թվականին Փարիզում «Քաղաքակրթության և հայկական հիշողության կենտրոնի» ստեղծման գործում: