Ադրբեջանական բանակում «դժբախտ պատահարների» կամ «անզգուշության» հետևանքով շարունակում են զոհվել, վիրավորվել զինվորներ: Հերթական դեպքը գրանցվել է Ադրբեջանի պաշտպանության նախարարությանը ենթակա զորամասերից մեկում: Ինչպես հաղորդում է ադրբեջանական «ԱՊԱ» գործակալությունը, 20-ամյա Զամին Մալիքօղլու Մամեդովը, խախտելով անվտանգության կանոնները, «պատահմամբ» կրակել է ծառայակցի վրա: Վիրավորված Էլնուր Սահիբօղլու Ահմեդովն անմիջապես հոսպիտալացվել է:

 

Ադրբեջանի ՊՆ-ն հաստատել է այս փաստը: Գործի առնչությամբ հարուցվել է քրեական գործ: Ընթանում է նախնական հետաքննություն:

 

Ադրբեջանի լրագրողների ռազմական հետազոտությունների «Դոկտրինա» կենտրոնի կողմից զանգվածային լրատվական միջոցների հաղորդագրությունների հիման վրա անցկացված մոնիթորինգի արդյունքներով այս տարվա հունվարին Ադրբեջանի անվտանգության և պաշտպանության հատվածի կորուստը կազմել է 7 զինծառայող: Հունվարին ադրբեջանական բանակի 11 զինծառայող վիրավորվել կամ վնասվածք է ստացել: Նրա խոսքով' մահացած զինծառայողներից 5-ը զոհվել են ոչ մարտական պայմաններում:

 

2013 թ. Ադրբեջանի անվտանգության և պաշտպանության հատվածի կորուստը կազմել է 81 զինծառայող, որոնցից 72-ը զոհվել են ոչ մարտական պայմաններում, 99 զինծառայող էլ վիրավորվել կամ վնասվածք է ստացել: