Ժնևում փետրվարի 10-ին մեկնարկում է միջսիրիական բանակցությունների երկրորդ փուլը ՄԱԿ-ի և ԱԵԼ-ի համատեղ բանագնաց Ախդար Իբրահիմիի միջնորդությամբ: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը' վկայակոչելով սիրիական ՍԱՆԱ գործակալությունը, Սիրիայի Արաբական Հանրապետության պատվիրակությունը Արտաքին գործերի նախարար Ուալիդ ալ Մուալլեմի գլ խավորությամբ փետրվարի 9-ի կեսօրին հասել է Ժնևի օդանավակայան: Արաբական մեկ այլ աղբյուր նշում է, որ Սիրիայի ընդդիմադիր պատվիրակության կազմը գրեթե չի փոխվել, հնարավոր է, որ ներկա լինեն մի քանի նոր ներկայացուցիչներ, իսկ պատվիրակությունը գլխավորում է Ահմադ ալ Ջարբան:

 

Ավելի վաղ Սիրիայի պատվիրակության անդամ Ֆեյսալ ալ Միկդադը հայտարարել էր, որ Սիրիայի կառավարական պատվիրակությունը որոշել է մասնակցել միջսիրիական բանկցությունների երկրորդ փուլին: Սիրիայի ընդդիմադիր պատվիրակությունն իր համաձայնության մասին հայտարարել էր ավելի վաղ: Բանակցությունների անցկացմանը կրկին կօգնեն ՌԴ և ԱՄՆ փորձագետները:

 

Ավելի վաղ ՄԱԿ-ի և ԱԵԼ-ի բանագնացը հույս էր հայտնել, որ բանակցությունների երկրորդ փուլը կլինի կառուցողական: Միջսիրիական բանակցությունները մեկնարկել էին 2014թ. հունվարի 22-ին Շվեյցարիայի Մոնտրյո քաղաքում, ապա շարունակվել Ժնևում: Բանակցությունների առաջին փուլն ավրատվել էր 2014թ. հունվարի 31-ին: