Ռուսաստանի մայրաքաղաք Մոսվայում ապրիլի 8-ին մեկնարկում է Սիրիայի Արաբական Հանրապետության և Սիրիայի ընդդիմության պատվիրակությունների միջև բանակցությունների երկրորդ փուլը: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը՝ վկայակոչելով սիրիական «ՍԱՆԱ» գործակալությունը, ընդդիմության ներկայացուցիչները երկօրյա հանդիպումներից և քննարկումներից հետո պատրաստել են միասնական փաստաթուղթ, որը կներկայացնեն սիրիական պատվիրակությանը:

 

Երկու պատվիրակությունների միջև բանակցություններին ներկա կլինի ռուսական կողմի ներկայացուցիչ, Արևելագիտության ինստիտուտի տնօրեն Վիտալի Նամուքինը:

 

Ընդդիմության ներկայացուցիչներից Ֆաթեհ Ջամուսը բանակցությունների այս փուլը համարել է ավելի արդյունավետ, քան հունվարին կայացած բանակցությունները: «Հաշվի է առնվել նախկին փորձը, ուստի կազմվել է ընդհանուր փաստաթուղթ, որտեղ, մասնավորապես, նշվել է ճգնաժամի կարգավորման մեջ քաղաքացիական հասարակության դերի մասին: Ինչպես նաև պայմանավորվածություն է ձեռք բերվել, որ հանդիպման յուրաքանչյուր անդամ կարող է դիտողություն անել փաստաթղթի վերաբերյալ»,- նշել է նա:

 

Մոսկվայում սիրիական կառավարության և ընդդիմության պատվիրակությունների միջև հանդիպումներն ընթացել են նաև հունվարի 26-ից 29-ն ընկած ժամանակահատվածում: Հանդիպումների ընթացքում սիրիական կառավարական և ընդդիմադիր պատվիրակությունները համաձայության են եկել մի շարք հարցերի շուրջ, որոնք ստացել են &la quo;մոսկովյան սկզբունքներ» անվանումը: Սկզբունքների մեջ առաջնային էր Սիրիայի ինքնիշխանության, անկախության և տարածքային ամբողջականության պահպանումը, ինչպես նաև ահաբեկչության դեմ պայքարի հարցը: