Մոսկվայում մեկնարկած միջսիրիական խորհրդակցություններն առաջինն են, որտեղ սիրիացիները խոսում են միմյանց հետ առանց արտաքին ազդեցության: Այս մասին «ՏԱՍՍ» գործակալությանը հայտնել է ընդդիմության ներկայացուցիչ Նամրուդ Սուլեյմանը: «Մենք երախտապարտ ենք Ռուսաստանին հանդիպումներ կազմակերպելու, ինչպես նաև երկխոսություն անցկացնելու նպատակով դուռ բացելու համար»,- նշել է նա՝ ավելացնելով, որ երկխոսությունն անհրաժեշտ է, երկխոսությունից ոչ ոք չի մեռնի:

 

«Արմենպրես»-ի փոխանցմամբ' ընդդիմության ներկայացուցիչը մտահոգություն է հայտնել Սիրիայի իշխանափոխության մասին՝ նշելով, որ այդ դեպքում հնարավոր է հայտնվեն «Իսլամական պետությունը» և այլ ահաբեկիչներ:

 

Ազգային համակարգող կոմիտեի ղեկավար Հասան Աբդ ալ Ազիմի խոսքով, ընդդիմությունը Մոսկվայում քննարկել է սիրիական իշխանությունների հետ վստահության միջոցների ձևավորման մասին հարցեր: Սակայն որևէ փաստաթուղթ դեռ չի ընդունվել: Հավանական է, որ Սիրիայի ընդդիմության և Դամասկոսի պատվիրակության միջև հանդիպումը կկայանա ապրիլի 8-ին:

 

Միջսիրիական բանակցությունների խորհրդակցությունները Մոսկվայում սկսվել են ապրիլի 6-ին: