Իրանի եւ «վեցյակի» (ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի հինգ մշտական անդամները եւ Գերմանիան) բանակցությունների հերթական փուլը «կարող Է հուլիսի 2-ին մեկնարկել Վիեննայում»: Այդ մասին ԻՏԱՌ-ՏԱՍՍ-ին հայտնել Է արեւմտյան պատվիրակության մի աղբյուր:
«Մինչեւ (Իսլամական Հանրապետության եւ «վեցյակի») միջանկյալ համաձայնագրի ժամկետի լրանալը մնում Է ուղիղ մեկ ամիս,-գործակալությանն ասել Է զրուցակիցը:-Առաջընթաց ենք ակնկալում ապագա համապարփակ համաձայնագրի տեքստի համաձայնեցման գործընթացում»:
Կողմերը հույս ունեն մինչեւ հուլիսի 20-ը հասցնել համաձայնեցնել համապարփակ փաստաթուղթը, որը պետք Է երաշխավորի Թեհրանի միջուկային ծրագրի խաղաղ բնույթը:
Վիեննայի բանակցությունների հինգերորդ փուլի եզրափակիչ օրը հունիսի 20-ին սկսվել Է Իրանի եւ «վեցյակի» փորձագետների կոնսուլտացիաներով:
Պլանավորվում Է, որ փորձագիտական հանդիպումից հետո բանակցությունների սեղանի շուրջ կրկին կնստեն եվրոպական դիվանագիտության ղեկավար Քեթրին Էշթոնը, որը համակարգում Է «վեցյակի» գործունեությունը, եւ Իսլամական Հանրապետության արտաքին գործերի նախարար Ջավադ Զարիֆը:
Նախօրյակին կողմերին հաջողվել է փոքր-ինչ առաջ շարժվել բանակցություններում: Ինչպես լրագրողներին հայտնել է Զարիֆը, համաձայնագիրը, որը կոչված է փակել «իրանական միջուկային դոսյեն», վերջապես անվանում է ստացել: Ինչպես հայտնել է արեւմտյան պատվիրակություններից մեկի մի աղբյուր, նախկինի պես հիմնական վիճահարույց հարցերը մնում են Իրանի հարստացուցիչ ծրագրի ծավալը, այդ թվում՝ ցենտրիֆուգների թվաքանակն ու որակը, Արաքի միջուկային ռեակտորի պարամետրերը եւ Թեհրանի նկատմամբ գործող տնտեսական պատժամիջոցների վերացման տեմպերը: