Իրանի եւ միջազգային միջնորդների «վեցյակի» (ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի հինգ մշտական անդամները եւ Գերմանիան) բանակցությունների հերթական փուլը կտեւի երկու շաբաթ՝ հուլիսի 2-ից մինչեւ 15-ը: Այդ մասին հայտնել է ՄԱԿ-ին առընթեր Ռուսաստանի մշտական ներկայացուցիչ Վիտալի Չուրկինը՝ ելույթ ունենալով համաշխարհային կազմակերպության Անվտանգության խորհրդի նիստում:

 

Ավելի վաղ նշվում էր միայն Թեհրանի եւ «վեցյակի» միջեւ քննարկումների վերսկսման ամսաթիվը: Բանակցությունների հաջող ընթացքի դեպքում առաջիկա փուլը կդառնա եզրափակիչ: Համապարփակ համաձայնագիրը, որը պետք է երաշխավորի իրանական միջուկային ծրագրի խաղաղ բնույթը, պլանավորվում է կնքել մինչեւ հուլիսի 20-ը:

 

Չուրկինի խոսքով՝ հունիսի 20-ին ավարտված բանակցությունների նախորդ փուլը «օգտակար էր եւ հավաստեց կառուցողական գործակցությունը եւ առարկայական քննարկումը շարունակելու տրամադրվածությունը»: «Կողմերը ձեռնամուխ են եղել ապագա համաձայնագրի բուն տեքստի մշակման աշխատանքին, որը հուլիսի 2-15-ը Վիեննայում կշարունակվի հաջորդ բանակցային փուլի ընթացքում»,- ասել է նա, հաղորդել է ԻՏԱՌ-ՏԱՍՍ-ը: