Սիրիական ճգնաժամը կարող է լուծվել միայն սիրիացիների ձեռքով: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը՝ վկայակոչելով արաբական լրատվամիջոցները, այս մասին հայտարարել է Սիրիայի հարցով ՄԱԿ-ի հատուկ բանագնաց Ստեֆան դե Միստուրան՝ ավելացնելով, որ ՄԱԿ-ի խնդիրն է աշխատանքներ տանել այդ ուղին դյուրացնելու համար: «Կարծում եմ, որ Մոսկվայում կայացած հանդիպումը օգտակար էր, և ակնկալում եմ, որ մոսկովյան բանակցությունների երկրորդ փուլը կկայանա, քանի որ դա կօգնի բոլոր սիրիացիներին՝ ընդդիմադիր, թե կառավարական կողմերի»:
Ռուսաստանի արտաքին գործերի նախարարությունը նախօրեին հայտարարել էր, որ պաշտոնական Դամասկոսի և ընդդիմության ներկայացուցիչները ապրիլին կհանդիպեն Մոսկվայում՝ շարունակելու համար միջսիրիական բանակցությունները, որի առաջին փուլի կայացել էր 2015թ. հունվարին:
Մոսկվայում կայացած հանդիպումներն ավարտվել են հունվարի 29-ին, որոնց ընթացքում սիրիական կառավարական և ընդդիմադիր պատվիրակությունները համաձայության են եկել մի շարք հարցերի շուրջ, որոնք ստացել են «մոսկովյան սկզբունքներ» անվանումը: Սկզբունքների մեջ առաջնային էր Սիրիայի ինքնիշխանության, անկախության և տարածքային ամբողջականության ապահովումը, ինչպես նաև ահաբեկչության դեմ պայքարի հարցը: