Մոսկվան պատրաստ է շարունակելու բոլոր միջոցներով խթանել միջսիրիական հաղորդակցությունը: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը՝ վկայակոչելով սիրիական ՍԱՆԱ գործակալությունը, այս մասին հունվարի 30-ին հայտարարել է Ռուսաստանի արտաքին գործերի նախարարությունը:

 

Ռուսաստանի արտգործանախարար Սերգեյ Լավրովը նշել է, որ կայացած հանդիպումը ավելի է մեծացրել սիրիական հասարակության տարբեր շերտերի տրամադրությունը Սիրիայում խաղաղությունը վերականգնելու ավելի ակտիվ և արդյունավետ ուղիներ որոնելու հարցում:

 

Մոսկվայում հունվարի 29-ին ավարտվեց մոսկովյան հանդիպումը, որն առաջին էր Սիրիայի կառավարական և ընդդիմադիր պատվիրակությունների միջև 2014թ.-ի փետրվարին ընդհատված երկխոսություններից հետո: Նախարարությունը նշել է, որ Սիրիայի կառավարությունը և ընդդիմության ներկայացուցիչները ցանկություն են հայտնել շարունակել բանակցությունները մոսկովյան հարթակում:

 

Մոսկվայում հունվարի 26-ից 29-ը կայացած հանդիպումը անվանել են ֆորում, որն ուներ կառուցողական բնույթ, և այն կարող է հիմք հանդիսանալ միջսիրիական բանակցությունների վերսկսման համար: Ավելի վաղ տեղեկություն էր ստացվել, որ մասնակիցները համաձայնության են եկել մի շարք սկզբունքների շուրջ, որոնք ստացել են «մոսկովյան սկզբունքներ» անվանումը: