ԱՄՆ-ի Մասաչուսեթսի տեխնոլոգիական ինստիտուտի գիտնականների կանխատեսմամբ, Բաքվում եւ Շամախիում Ադրբեջանի բնակչությանն ու նավթային ենթակառուցվածքներին, ինչպես նաեւ տարածաշրջանի իրադրության վրա ազդելու չափ հզոր երկրաշարժ տեղի ունենալու մեծ հավանականություն կա: Այս մասին ANS PRESS-ին հայտնել է Ադրբեջանի սեյսմոլոգիական ծառայության կենտրոնի սեյսմոլոգիայի բաժնի ղեկավար Թահիր Մամեդլին:
Նրա խոսքով, ամերիկացի գիտնականները նման եզրակացության են հանգել Ադրբեջանի, ինչպես նաեւ Կովկասի տարածքում անցկացրած երկրակեղեւի հորիզոնական շարժի արագությունը չափելու հետ կապված ուսումնասիրությունների արդյունքում: Ամերիկացի գիտնականների կանխատեսումներով, Բաքվում հնարավոր երկրաշարժը կարող է հարյուր հազարավոր մարդկանց մահվան պատճառ դառնալ:
«Եթե իսկապես հզոր երկրաշարժ տեղի ունենա, ինչը հնարավոր է, ապա Բաքվում մեծ ավերածություններ կլինեն: Երկրի բնակչության մոտ 40 տոկոսն ապրում է Բաքվում: Ստորգետնյա ցնցումները կարող են մեծ աղետի պատճառ դառնալ», -ասել է ադրբեջանցի գիտնականը' իր կողմից հավելելով, որ Ադրբեջանի մայրաքաղաքի համար վտանգը սպասվում է Կասպից ծովի հատակում հնարավոր ցնցումներից: