Քութայիսի մերձակա (Արեւմտյան Վրաստան, Իմերեթի տարածաշրջան) Գեգուտի բանտի մի խումբ կալանավորներ լույս փետրվարի 10-ի գիշերը կտրել են իրենց երակները:

 

Ըստ լրատվամիջոցների տվյալների, ակցիային մասնակցել Է 10-ից մինչեւ 17 մարդ, հայտարարելով, որ այդ կերպ իրենք բողոքում են բանտի վարչակազմի ներկայացուցիչների դաժան վերաբերմունքի դեմ: Քութայիսի հիվանդանոց Է տեղափոխվել ինը մարդ: Բոլորին անհրաժեշտ բուժօգնություն Է ցուցաբերվել. բժիշկների խոսքով՝ բանտարկյալների կյանքին վտանգ չի սպառնում:

 

Անցած շաբաթ նույն այս բանտում 800 կալանավորներ հացադուլ են հայտարարել՝ պահանջելով հեռացնել բանտի վարչակազմին: Հացադուլը շարունակվում Է արդեն հինգերորդ օրը:

 

Վրաստանի պատիժների իրականացման նախարար Սոզար Սուբարին լրագրողներին հայտարարել Է, որ հացադուլը «քրեական հեղինակությունների ծրագրած ակցիան Է», որոնք դժգոհ են այն միջոցառումներից, որոնք բացառում են իրենց արտոնյալ վիճակը բանտում: Նախարարի խոսքով՝ ինքը նամակ Է հղել Վրաստանի ժողովրդական պաշտպան, օմբուդսմեն Ուչա Նանուաշվիլիին՝ նրան ծանուցելով ստեղծված իրադրության մասին: