Ադրբեջանի լրագրողների հետազոտական կենտրոնի jam.az կայքը, հղում կատարելով սոցցանցերին, գիշերվա ժամերին հայտնել է, որ ճանաչված ադրբեջանցի գրող Աքրամ Այլիսլին վախճանվել է:

 

Այդ լուրն անմիջապես սկսել են շրջանառել ադրբեջանական ԶԼՄ-ները: Աքրամ Այլիսլիի «Քարե երազներ» վեպը, որում նա ականատեսների աչքերով հանգամանորեն նկարագրել է անցյալ դարասկզբին Նախիջեւանում' Ագուլիսում եւ 1988-1990 թվականներին Սումգայիթում եւ Բաքվում իրագործված հայկական ջարդերն ու ադրբեջանցիների վայրագությունները, բավականին բացասական արձագանքի էր արժանացել, եւ, ինչպես երեւում է, Ադրբեջանում որոշել են ժամանակից շուտ թաղել, իրենց բնորոշմամբ, «հայամետ» գրողին:

 

Ապատեղեկատվությունից խիստ զայրացած գրողը զանգահարել է publika.az կայքի խմբագրություն եւ հայհոյել սուտ լուրը տարածած կայքի խմբագրության աշխատակիցներին: «Ես չեմ մահացել, ողջ եմ: Դրանց բոլորին դատի եմ տալու», -հայտարարել է նա:

 

«Քարե երազներ» վեպն նախանցյալ դեկտեմբերին հրապարակվել է ռուսաստանյան «Դրուժբա նարոդով» հանդեսում: Վեպի հրապարակումից երկու ամիս անց, Ադրբեջանի իշխանությունները Այլիսլիի դեմ զանգվածային ժողովրդական հիստերիա են հրահրել: Իշխանամետ երիտասարդությունը Այլիսլիի տան առաջ այրել է վրան խաչ նկարված նրա լուսանկարները, եւ «թշնամի», «դավաճան» վանկարկել: Խորհրդարանի պատգամավորները պահանջել են այրել նրա բոլոր գրքերը, գրողին զրկել քաղաքացիությունից, բոլոր պետական պարգեւներից եւ արտաքսել Ադրբեջանից: Ադրբեջանի նախագահ Իլհ ամ Ալիեւը հրամանագիր է ստորագրել 1988 թ. Աքրամ Այլիլիսլիին շնորհված «Ժողովրդական գրող» կոչումից, 1000 մանաթ (մոտ 1000 եվրո) նախագահական թոշակից եւ ամառանոցից զրկելու մասին: Աշխատանքից հեռացվել են նրա կինն ու որդին: «Ժամանակակից մուսավաթ» իշխանամետ կուսակցության առաջնորդը կուսակցության երիտասարդական թեւի անդամներին 10 հազար մանաթի պարգեւի դիմաց հանձնարարել է կտրել Այլիսլիի ականջը:

 

Միայն ԶԼՄ-ների միջամտությունից հետո է քաղաքական գործիչը Ադրբեջանի ՆԳՆ կողմից «զգուշացվել» նման կոչերի անօրինական լինելու մասին:

 

ԱՄՆ պետքարտուղարությունը, ԵԱՀԿ Բաքվի գրասենյակը եւ Եվրամիությունը դատապարտել են Ադրբեջանում Այլիսլիի հալածանքները եւ իշխանություններին կոչ արել կատարել նրա անվտանգությունն ապահովելու իրենց պարտավորությունները:

 

Աքրամ Այլիսլիի դեմ Ադրբեջանի իշխանությունների հրահրած զանգվածային հետապնդումների իրական պատճառն այն է, որ նա վեպում ակնարկել է իշխանության գալու նպատակով Սումգայիթում հայկական ջարդերը Հեյդար Ալիեւի կողմից հրահրված լինելու մասին: