Ռուսաստանը՝ նախատեսելով ավարտել բանակի և նավատորմի վերազինումը 30%-ով մինչև 2015 թ., և լիովին ավարտել այն մինչև 2020 թ., իր պլանն իրականացնում է նախատեսված ժամանակից շուտ, հայտնում է The Washington Times-ը: Պարբերականի տվյալներով՝ այդ մասին հայտարարել է ՌԴ փոխվարչապետ Դմիտրի Ռոգոզինը:
Ռոգոզինի խոսքով՝ Ռուսաստանն արդեն հիմա 47%-ով ավարտել է վերազինումը, ինչը նախատեսված ժամկետից շուտ է: Ինչպես ընդգծել է փոխվարչապետը, Մոսկվան «լիակատար վերահսկողության» տակ է պահում իրավիճակը:
Ժամանակակից ռուսական ռազմատեխնիկայի հնարավորությունները «ակտիվորեն ցուցադրվել են» Ուկրաինայում և Սիրիայում հակամարտությունների շրջանակներում, իսկ ռուսական զինված ուժերին հաջողվեց այդ երկրներում «փորձարկել նոր մոդելներն ու սրել մարտավարությունը», նշում է The Washington Times-ի սյունակագիրը: «Կրկին ձեռք բերված ռազմական ներուժի» նման ցուցադրումը շատ է զարմացրել ՆԱՏՕ-ին, և դաշինքի ռազմավարները ուշադրություն են դարձրել ռուսական տեխնիկայի վրա, այդ թվում՝ թևավոր հրթիռների և Су-35 կործանիչների վրա, խոստովանում է լրագրողը:
Կրեմլը շարունակում է բարձր մակարդակի վրա պահպանել ռազմական ծախսերը՝ չնայած լուրջ բյուջետային դժվարություններին, որոնք առաջացել են արևմտյան պատժամիջոցների և նավթի գների անկման հետևանքով, շեշտում է հեղինակը: Ռուսաստանը՝ նման քաղաքականության արդյունքում, ստիպված է եղել կրճատել սոցիալական ծախսերը, այդ թվում՝ կրթության և առողջապահության ոլորտում, իսկ որպեսզի նման կրճատումները չառաջացնեն սոցիալական պայթյուն՝ Մոսկվան «խստորեն ճնշում գործադրեց քաղաքական ընդդիմության վրա»,- գրում է նա: