Ազգային ժողովի փոխնախագահ Էդուարդ Շարմազանովը ժամանակից շուտ ընդհատեց արտահերթ նիստը՝ կառավարության ներկայացուցչի ուշանալու պատճառով: Խորհրդարանը պետք է քննարկեր «Հասարակության եւ պետության կարիքների համար սեփականության օտարման մասին» ՀՀ օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին օրենքի նախագիծը, որի հիմնական զեկուցողը ՀՀ ֆինանսների փոխնախարար Վախթանգ Միրումյանն էր, ով սակայն ուշանում էր նիստից:
ԱԺ փոխնախագահ Էդուարդ Շարմազանովը տեղեկացրեց, որ իրեն քարտուղարությունից զեկուցել են, որ Միրումյանը րոպեների ընթացքում կլինի ԱԺ-ում: Սակայն 5 րոպե անց Միրումյանը դեռևս չէր ներկայացել, ինչը բարկացրեց ԱԺ փոխնախագահին: «Հարգելի՛ գործընկերներ, քանի որ կառավարության ներկայացուցիչն ինձ անհայտ պատճառներով դեռևս Ազգային ժողով չի հասել, ես ստիպված եմ կանոնակարգ խախտել և նիստն ընդհատել: Ես հենց այդպես էլ կանեմ, և թող իմանան, որ նման կերպ չի կարելի վարվել: Կներեք, ես կանոնակարգ եմ խախտում, սակայն պետք է ասեմ, որ պատգամավորները պարտավոր չեն նստել և 10 րոպե սպասել, թե երբ կառավարության ներկայացուցիչը կժամանի»,- ասաց Շարմազանովը և հայտարարեց նիստը փակելու մասին: