Տեղեկանալով ՀՀ գլխավոր դատախազ Գևորգ Կոստանյանի՝ այսօր Լոռի կատարելիք պաշտոնական այցի մասին՝ մի քանի հազար վանաձորցիներ (3-4 հազար)՝ բողոքի ցույց էին կազմակերպել Լոռու դատախազության շենքի առջև, որպեսզի գլխավոր դատախազի ուշադրությունը հրավիրեն Սամվել Շարբաթյանի սպանության գործով առաջադրված և դատարան ուղարկված մեղադրանքին:
Լոռու դատախազությունն սկզբում խուլիգանության հոդվածով էր մեղադրանք առաջադրել գործով մեղադրյալներից երկուսին՝ Սամվել Դիլոյանին և Արեն Վերանյանին, ապա մարզի դատախազի պաշտոնափոխությունից հետո հաջորդ դատախազը գործը դատարան է ուղարկել փոփոխված՝ խմբակային սպանություն և խմբակային խուլիգանություն հոդվածներով: Lurer.com-ն արդեն հրապարակել է այս հակասությունը: Այժմ վանաձորցիներն ակնկալում են դատախազ Կոստանյանի արդարամտությունը՝ դատարանում քննվող մեղադրանքը վերանայելու կապակցությամբ:
Գլխավոր դատախազի այցը Լոռի այդպես էլ չկայացավ, և ամբաստանյալների ծնողներն ու պաշտպանը գործի վերաբերյալ իրենց մտահոգությունները հայտնեցին մարզի դատախազին, վերջինս էլ դրանք ներկայացնելու է գլխավոր դատախազին: Լոռու դատախազ Գրիգոր Էլիզբարյանն իր կողմից արդեն հավաստիացրել է, որ եթե դատաքննության ավարտին ապացույցներով հիմնավորվի, որ երկու ամբաստանյալներն անմեղ են, և նրանց ապօրինի մեղադրանք է առաջադրված, դատախազությունը որևէ ձևով կաշկանդված չի լինի հրաժարվելու նախկին դատախազների հաստատած մեղադրականից: