Հայաստանը Մաքսային միության անդամ երկրների հետ բանակցություններ է սկսել 987 ապրանքատեսակների համար մաքսային արտոնություններ ստանալու համար: Այս մասին փետրվարի 14-ին լրագրողների հետ հանդիպմանն ասաց ՀՀ ԱԺ ֆինանսավարկային և բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Գագիկ Մինասյանը: «Դրանց մեջ մտնում են բոլոր այն ապրանքները, որոնց վերաբերյալ իրենց մտահոգություններն են հայտնել մեր քաղաքական գործիքները և լրագրողները, ինչպես նաև այլ ապրանքներ՝ առաջին հերթին այն ապրանքները, որոնք լայն սպառում ունեն: Բանակցությունների ընթացքում մենք պետք է փորձենք այս ապրանքների համար բացառումներ ստանալ»,-նշեց Մինասյանը:

 

Պատգամավորի խոսքով՝ բացառումները Մաքսային միության անդամ երկրների համար ընդունված պրակտիկա են: Գագիկ Մինասյանը նշեց, որ այդ բացառումները չեն կարող անսահման լինել, քանի որ այդ դեպքում կկորի ՄՄ-ին անդամակցելու իմաստը, իսկ բանակցությունները բավականին բարդ գործընթաց են, քանի որ ՄՄ անդամ երկրները փորձում են վերացնել ոչ թե իրենց, այլ մյուս երկրների համար սահմանված բացառումները: «Սակայն ես արդեն ասացի, որ մենք բանակցում ենք 987 ապրանքների շուրջ և կփորձենք այնպես անել, որ դրանք մաքսային արժեքները մնան այնպես, ինչպես որ կան»,- նշեց Մինասյանը:

 

Պատգամավորը ՄՄ անդամակցության առավելություններից է համարում սահմանի վրա ավելացված արժեքի հարկի գանձման մեխանիզմը, ըստ որի ՄՄ-ից ներմուծված ապրանքի դիմաց ԱԱՀ-ն գանձվում է ոչ թե անմիջապես սահմանի վրա, այլ տնտեսվարողներին ժամանակ է տրվում դրա համար: «Այսօր մենք Մաքսային միության անդամ երկրներից ներմուծված ապրանքների դիմաց սահմանի վրա անմիջապես վճարում ենք ԱԱՀ-ն, սակայն Մաքսային միությանն անդամակցելուց հետո տնտեսվարողներին ԱԱՀ-ն վճարելու համար 20-50 օր ժամանակ կտրվի, ինչը զգալիորեն կթեթևացնի նրա ֆինանսական հոգսը»,- ասաց Մինասյանը:

 

ՄՄ անդամակցության դեպքում Հայաստանում, ինչպես նաև Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունում արտադրված ապրանքները հեշտությամբ կհայտնվեն միության անդամ երկրիների շուկաներում, քանի որ կվերանան բոլոր այն խնդիրները, որոնց այսօր ապրանք արտահանող և ներմուծող ընկերությունները բախվում են՝ մաքսային սահմանակետերը հատելիս:

 

Մաքսային միության տարածքում 7658 ապրանքատեսակների մաքսատուրքեր ավելի բարձր են, քան Հայաստանում, 1676 ապրանքատեսակների մաքսատուրքերն ավելի ցածր են, իսկ 1962 ապրանքի դեպքում դրանք հավասար են:

 

Մաքսային միությանը միանալու Հայաստանի մտադրության մասին հայտարարեց ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը 2013թ. սեպտեմբերի 3-ին Մոսկվայում ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հետ հադիպումից հետո: Դեկտեմբերի 24-ին Մոսկվայում տեղի ունեցավ ՄՄ անդամ պետությունների ղեկավարների հանդիպումը, որի ժամանակ հաստատվեց Հայաստանի ճանապարհային քարտեզը: