Պարզեցված հաշվարկներով՝ Մաքսային միությանը Հայաստանի անդամակցությունը կարող էր հանգեցնել 1,4 տոկոս հավելյալ գնաճի, որից խուսափելու համար Հայատանն ընտրել է զգայուն ապրանքների ցանկ, որի շուրջ բանակացություններ կծավալի ՄՄ անդամ պետությունների հետ։ Այս մասին լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց ՀՀ էկոնոմիկայի փոխնախարար Գարեգին Մելքոնյանը՝ հավելելով, որ բանակցությունների ընթացքում կարվի առավելագույնը այդ ապրանքների մաքսատուրքերը ՀՀ մաքսային դրույքաչափերով թողնելու համար։ «Որոշակի ապրանքների մասով կան դրույքաչափերի տարբերություն։ Մենք ի սկզբանե նշել ենք, որ այդ ապրանքների մասով չպետք է կիրառվեն ՄՄ դրույքաչափերը, որպեսզի ներքին շուկայում չլինի գնաճ։ Քանի որ Մաքսային միության դրույքաչափերը հիմնված են ՌԴ մաքսային օրենսգրքի վրա, իսկ Ռուսաստանը պարտավորություններ ունի Առևտրի միջազգային կազմակերպության նկատմամբ, հետևաբար սպասվում է, որ մինչև 2019-2020 թվականները մի շարք ապրանքների մաքսատուրքեր ևս կնվազեն»,-  ասաց Մելքոնյանը։

 

Խոսելով երրորդ երկրից ներկրվող այն ապրանքնատեսակների մասին, որոնք կարող էին Հայաստանից արտահանվել ՄՄ անդամ որևէ երկիր՝ Մելքոնյանն ասաց, որ նման հնարավորություն չի լինի։ «Հայաստանի համար սահմանված դրույքաչափերով ներկրված ապրանքները հնարավոր չի լինի կրկին արտահանել»,-ասաց Մելքոնյանը։

 

2013 թվականի սեպտեմբերի 3-ին ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը Մոսկվայում հայտարարեց, որ Հայաստանը մտադիր է անդամակցել Մաքսային միությանը: Դեկտեմբերի 24-ին Մոսկվայում տեղի ունեցավ ՄՄ անդամ պետությունների ղեկավարների հանդիպումը, որի ժամանակ ստորագրվեց նաեւ Հայաստանի' Մաքսային միությանն անդամակցելու համար նախատեսված ճանապարհային քարտեզը, որի իրականացման միջոցառումների ծրագիրը հունվարին հաստատել է ՀՀ կառավարությունը: Մաքսային միության անդամներն են Ռուսաստանը, Ղազախստանն ու Բելառուսը: