ԵԿՄ 10-րդ համագումարի ավարտից հետո ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը, ինչպես իր ելույթի վերջում խոստացել էր, պատասխանեց համագումարի մասնակիցների հարցերին: Էջմիածնի քաղաքապետ Կարեն Գրիգորյանի հարցը վերաբերում էր պարտադիր կուտակային կենսաթոշակների մասին օրենքին: Սերժ Սարգսյանը՝ պատասխանելով հարցին, ասաց.
«Աշխարհում չի եղել մի պետություն, որտեղ կենսաթոշակային բարեփոխումներն անցնեն հանդարտ, առանց դժգոհության: Մենք որոշակի ժամանակով մարդկանց նեղություն ենք տալիս և ասում ենք, որ, այո′, 5 տոկոս պետք է խնայեք՝ ապագայում այդ 5 տոկոսը բազմապատիկ ետ ստանալու համար: Այսօրվա կառավարությունը որոշել է հենց այսօր այդ խնդրին լուծում տալ: Ես իմ ամբողջական սատարումն եմ հայտնում այդ լուծմանը, որովհետև իրոք սա անհրաժեշտ լուծում է: Ես չեմ բացառում, միգուցե այդ օրենքում կան անհարթ իրավաբանական ձևակերպումնբեր կամ որոշ բառեր պետք է փոխվեն: Ծավալուն փաստաթուղթ է և մենք պատրաստ ենք անհաջող ձևակերպումներն ուղղել: Ներողություն բառիս համար, երկրապահական լեզվով ասած՝ մենք հո «ախմախ» չենք, որ այդ վատ բանի վրա ռեսուրս ծախսենք»: