ԱՄՆ պետքարտուղար Ջոն Քերին Սիրիայի կառավարությանը մեղադրել է Ժնևում տեղի ունեցած միջսիրիական բանակցություններում առաջընթաց չգրանցելու մեջ: Սիրիայի կառավարական պատվիրակությունը արգելքներ է ստեղծել և ժամանակ ձգել, մինչդեռ ընդդիմադիր պատվիրակ ությունը ցուցաբերել է պատրաստակամություն' քննարկելու ճգնաժամի բոլոր կողմերը: «Առաջ շարժվելն առավել խոչընդոտում է Բաշար ալ Ասադի վարչակազմի դիրքորոշումը»,- նշել է Քերին:

 

Մեծ Բրիտանիայի արտգործնախարար Ուիլյամ Հեյգը միջսիրիական բանակցությունների անհաջողության պատասխանտու է համարել Ասադի վարչակազմին: Իր հերթին Ֆրանսիայի արտգործնախարար Լորան Ֆաբիուսը հայտարարել է, որ սիրիական համակարգի դիրքորոշումը արժանի է քննադատության: Ապա նա ողջունել է Սիրիայի ընդդիմադիր պատվիրակության կատուցողական դիրքորոշումը:

 

ԱՄՆ-ի,Ֆրանսիայի և Մեծ Բրիտանիայի նման արձագանքը չի զարմացրել Դամասկոսին: Արտգործնախարար Ուալիդ ալ Մուալեմը նշել է, որ այդ երկրները մշտապես հանդես են եկել Սիրիայի դեմ՝ սատարելով ընդդիմությանը:

 

Միջսիրիական բանակցությունների միջնորդ Ախդար Իբրահիմին բանակցությունների ավարտից հետո հայտարարել էր, որ հաջորդ փուլի օրակարգում կքննարկվեն բռնությունների և ահաբեկչության դեմ պայքարի, անցումային մարմնի, ազգային հաշտեցման և այլ թեմաների վերաբերյալ հարցեր:

 

Միջսիրիական բանակցությունների երկրորդ փուլն ավարտվել է փետրվարի 15-ին: Բանակցությունների ընթացքում կողմերը ցուցաբերել են զսպվածություն' չնայած ակնհայտ են եղել նրանց տարաձայնությունները: Բանակցությունների հաջորդ փուլը կարող է մեկնարկել մարտին: