Քաղաքացի Ն. Ա.-ի կողմից սուտ մատնություն կատարելու փաստի առթիվ ՀՀ գլխավոր դատախազության հատկապես կարևոր գործերի վարչության դատախազի ցուցումով ՀՀ հատուկ քննչական ծառայությունում' ՀՀ ՔՕ 333-րդ հոդվածի հատկանիշներով հարուցվել է քրեական գործ:

 

Հիշեցնենք, որ քաղաքացուհի Ն. Ա.-ի հաղորդման հիման վրա ՀՀ հատուկ քննչական ծառայությունում նախապատրաստված նյութերով' ՀՀ ՔՕ 177-րդ և 308-րդ հոդվածների 1-ին մասերի հատկանիշներով հարուցվել էր քրեական գործ:

 

Ըստ քաղաքացուհու հաղորդման' 2013 թվականի հուլիսի 24-ին Իջևան քաղաքի' իրեն պատկանող բնակարանում իր ծանոթ Ա. Պ.-ի կողմից ծեծի ենթարկվելու փաստով ՀՀ ոստիկանության քննիչ Ա. Ղ.-ի կողմից, իբր, պարտադրված գրել է, որ հաշտվել է Ա. Պ.-ի հետ և նրա նկատմամբ որևէ բողոք կամ պարտք ու պահանջ չունի:

 

Սակայն նախաքննության ընթացքում քաղաքացուհին ընդունել է Ա. Պ.-ի հետ հաշտվելու վերաբերյալ վարույթն իրականացնող մարմնին ներկայացրած դիմումն իր նախաձեռնությամբ գրված լինելու փաստը:

 

Հատուկ քննչական ծառայության մամուլի ծառայությունից հայտնում են, որ կատարվում է նախաքննություն:

 

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով' դատարանի' օրինական ուժի մեջ մտած դատավճռով: