Հայ-ադրբեջանական սահմանին փետրվարի 18-ի լույս 19-ի գիշերը կրկին անհանգիստ է եղել: Ողջ գիշեր հակառակորդը տարբեր տրամաչափի զենքերով կրակել է հայկական դիրքերի ուղղությամբ: Հիմնական թիրախը եղել են Տավուշի մարզն ու Ղարաբաղի դիրքերը: Տավուշի մարզի ուղղությամբ հակառակորդը կրակել է նաեւ բնակավայրերի ուղղությամբ: «Արմենպրես»-ի հետ զրույցում ՀՀ պաշտպանության նախարարի մամուլի քարտուղար Արծրուն Հովհաննիսյանը նշեց, որ հայկական կողմը պատասխան կրակ չի բացել եւ լուսադեմին ադրբեջանական կողմը դադարեցրել է կրակոցները: Հովհաննիսյանի խոսքերով, այս պահին սահմանին իրավիճակը հանգիստ է:
Սա առաջին դեպքը չէ, երբ Ադրբեջանը խախտում է զինադադարն ու կրակ բացում հայկական դիրքերի ուղղությամբ: Թեպետ կողմերը Սոչիի օլիմպիադայի մեկնարկին արձագանքել էին Միջազգային օլիմպիական կոմիտեի կոչին' պահպանել օլիմպիական զինադադարը, սակայն գրեթե ամեն օր Ադրբեջանը խախտում է զինադադրն ու դրժում խոստումը: Ադրբեջանական կողմը հրադադարի ռեժիմը խախտել է նաեւ փետրվարի 18-ին՝ կրակ բացելով Պառավաքար-Վազաշեն ճանապարհահատվածի ուղղությամբ: