armsport.amԼոնդոնի «Արսենալի» գլխավոր մարզիչ Արսեն Վենգերը խոսել է իր թիմի՝ Մյունխենի «Բավարիայից» կրած տնային պարտության (0:2) պատճառների մասին, Չեմպիոնների լիգայի փլեյ-օֆֆ փուլի առաջին դիմակայությունում:
«Մենք մեծ սխալներ թույլ տվեցինք պաշտպանությունում, բայց թիմը պայքարելու անհավանական կամք ու ցանկություն դրսևորեց: Չիրացված 11-մետրանոցը բացասաբար անդրադարձավ թիմի խաղի և երկրպագուների տրամադրության վրա: Իսկ կարմիր քարտից հետո մեզ համար ավելի ծանր ստացվեց ամեն ինչ»,-նշել է «զինագործների» ֆրանսիացի մասնագետը:
«Շչեսնիի հեռացման հետ կապված դրվագում շփում կար, և, իսկապես, 11 մետրանոցի նշանակումը տեղին էր: Բայց ես պատրաստ եմ վիճարկել հեռացման արդարացիությունը: Եթե այն համապատասխանում է ֆուտբոլային կանոններին, ապա ես կընդունեմ դա:
Այնուհետև, երկրորդ խաղակեսում փորձում էինք գոլ խփել հակագրոհների արդյունքում, բայց չստացվեց: Այժմ, արդեն, մնում է պատասխան հանդիպումը: Ո՞վ գիտե, ինչ է լինելու Մյունխենում: Անցյալ տարի մենք «Բավարիային» հաղթեցինք իրենց հարկի տակ, կփորձենք նույնն անել այս անգամ ևս»,-շեշտել է Վենգերը: