Սիրիայի ազատ բանակի ղեկավար գեներալ Սալիմ Իդրիսը չի ընդունում իրեն բարձրագույն ռազմական խորհրդից հեռացնելու որոշումը: Նա հայտարարել է, որ պատրաստ է վերակազմավորել ազատ բանակը՝ զինյալների բազան ընդլայնելու նպատակով: Սալիմ Իդրիսի հայտարարության տեսանյութը հայտնվել է համացանցում: Նա նաև ավելացրել է, որ ռազմական ղեկավարները Սիրիայում մերժել են այդ որոշումը: Ապա մեղադրել է ընդդիմության կողմերին, որոնց ձեռնարկած քայլերի մեծ մասը բխում է անհատների շահերից:

 

Ավելի վաղ Սիրիայի ազատ բանակի ներկայացուցիչները հայտարարել էին, որ կազմակերպության զինվորական խորհուրդը որոշել է փոխարինել գեներալ Սալիմ Իդրիսին այն «դժվարությունների կապակցությամբ, որոնց բախվել է սիրիական հեղափոխությունը» Բաշար Ասադի դեմ մղվող պայքարում: Նրա փոխարեն ազատ բանակի ղեկավար է նշանակվել Աբդ ալ Իլլահ ալ Բաշիրը: Սալիմ Իդրիսը Սիրիայի ազատ բանակի անդամների կողմից բազմիցս քննադատության է ենթարկվել ռազմական գործողությունների պլանավորման գործում թույլ տված սխալների եւ զենքի անարդյունավետ բաշխման համար: