Լուրեր.com-ը շարունակում է հարցումների շարքը, որը նպատակ ունի ներկայացնելու, թե հասարակությունը ինչպես է գնահատում ՀՀ ԱԺ պատգամավորների գործունեությանը: Զուգահեռաբար ներկայացվում են, քվեարկության արդյունքներին զուգահեռ, ուշագրավ մանրամասներ նրանց խորհրդարանական և արտախորհրդարանական կյանքից: Քաղաքացիները պետք է տեղեկացվեն, թե իրենց ընտրյալները, բացի ԱԺ բուֆետում սուրճ խմելուց, ինչով են զբաղվում այդ հույժ կարևոր պետական կառույցում: Միաժամանակ, կոչ ենք անում, որ մյուս պատգամավորները ձգտեն հասկանալ մի պարզ բան. իրենք խորհրդարանում են հայտնվել օրենսդրական գործունեությամբ զբաղվելու առաքելությամբ, և պետք է վերջ տալ իրենց ընտրատարածքների բնակիչների նկատմամբ հանցավոր անտարբերությանը:

 

Բոլոր պատգամավորներն ունեն հնարավորություն՝ բարելավելու իրենց ցուցանիշները, որպեսզի հաջորդիվ նրանց գործունեությանը կատարվելիք անդրադարձների ժամանակ մեր ձեռքի տակ ունենանք որևէ խոսուն փաստ, որը կվկայեր, որ այդ մարդիկ, ԱԺ-ում իրենց լուռ ներկայությունն արձանագրելուց բացի, երբեմն զբաղվում են Սահմանադրությամբ պատվիրակված պարտավորությունների կատարմամբ:

 

Լուրեր.com-ն այս անգամ իր ընթերցողների շրջանակում հարցում էր անցկացրել հետևյալ հարցադրմամբ. «Ինչպե՞ս եք գնահատում ՀՀ ԱԺ պատգամավոր Արտակ Սարգսյանի գործունեությունը»:

 

Հարցվածների ճնշող մեծամասնությունը՝ 69% (3070 ձայն), Արտակ Սարգսյանի աշխատանքն անբավարար է գնահատել, 18%-ի (790 ձայն) համար պատգամավորի կատարած աշխատանքը միևնույն է: «Գերազանց» տարբերակներն ընտրել է հարցվածների 7% տոկոսը (320 ձայն), «Բավարար» տարբերակը' 4%-ը (160), իսկ «Լավ» տարբերակն ընտրել է հարցվածների 2%-ը (90 ձայն):

 

Նշենք, որ հարցմանը մասնակցել է 4430 ընթերցող:

 

Եվ այսպես, ո՞վ է ԱԺ պատգամավոր Արտակ Սարգսյանը, որի վարկանիշը այսպիսի տխուր պատկեր է աևձանագրել: Մի փոքր պատմական էքսկուրս...

 

Հայաստանում, իհարկե, սուպերմարկետների պակաս չի զգացվում: Առևտրային նմանատիպ օբյեկտների թվին է դասվում նաև «Սաս» սուպերմարկետների ցանցը: «ՍԱՍ»-ը առևտուր կազմակերպող առաջատար ընկերություններից մեկն է Հայաստանում: Առաջին հայացքից տարօրինակ ոչինչ այս փաստարկների մեջ չկա, եթե հաշվի չառնենք, որ ըստ ՀՀ Սահմանադրության' այս առևտրային հսկայի սեփականատերը պետք է ոչ թե զբաղվեր բիզնեսով, այլ փոքրիկ խորհրդարանական սենյակում օրնիբուն, տքնաջան զբաղվեր օրենսդրական աշխատանքով, ազատ ժամերին էլ փոքրիկ բրդուճներ նետեր ԱԺ-ի պատուհաններից' մոտակայքում սավառնող ծիտիկներին կերակրելու համար (օրենքը չի արգելում պատգամավորին ձեռնարկելու հումանիտար քայլեր' թռչունների պահպանության նպատակով): Այդ երևակայական հումանիստն ԱԺ պատգամավոր Արտակ Սարգսյանն է:

 

Ազգային ժողովի պատգամավոր Արտակ Սարգսյանի անունը, հավանաբար, ընթերցողներից շատերին ոչինչ չի հուշում: Բայց բոլորը կնույնականացնեն նրա անձը, եթե ընդգծենք, որ սկսած շարքային քաղաքացիներով' վերջացրած իշխանական վերնախավով, նրան անվանում են «Սասի» Արտակ: Ժամանակին այս պատգամավորը Արթուր Բաղդասարյանի հովանավորյալներից էր, որի դրոշի տակ էլ 2004թ. դարձավ ԱԺ պատգամավոր: Հայտնի իրադարձությունների արդյունքում նա 2006 թվականին, շատերի նման, ջնջեց իր ճակատին գրված «Օրինաց երկիրը» և դարձավ «Գործարար» պատգամավորական խմբի անդամ:

 

Փառապանծ խորհրդարանականի օրենսդրական գործունեության մասին մեր բոլոր աղբյուրները չարամտորեն լռում են, մինչդեռ օրենքով արգելված գործունեության' բիզնեսի և դրա հարակից քաջագործությունների մասին տեղեկություններն անսպառ են:

 

Օրինակ' ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանն ականատես էր եղել, թե ինչպես են «SAS» սուպերմարկետին մատակարարվող հացերը տեղափոխվում սննդի տեղափոխման համար չնախատեսված ավտոմեքենաներով՝ հակահիգիենիկ և հակասանիտարական պայմաններում: Ընդ որում, բոլոր օրենսդրական լուծումները, որոնք պահանջում են սննդի անվտանգության պարտադիր ապահովում, ընդունվել են նույն պատգամավորի քվեարկության արդյունքում:

 

Մամուլը չի լռում նաև նույն անձին պատկանող սուպերմարկետների աշխատակիցների նկատմամբ ֆեոդալական վերաբերմունքի մասին:
Երևանի ավագանու ընտրությունների ժամանակ խոսակցություններ էին տարածվում, որ Արտակ Սարգսյանի' Կենտրոն համայնքում գտնվող սուպերմարկետներից մեկի բոլոր աշխատակիցներին պարտադրել են մասնակցել ՀՀԿ-ի քարոզչական միջոցառումներին: Բանը հասել է նրան, որ հանդիպմանը չներկայացած աշխատակիցների աշխատավարձից պահումներ են կատարել, որպեսզի նյութապես զգան շեֆի քաղաքական հայացքները չկիսելու դառնությունը: Չենք անդրադառնում այնպիսի «մանր» օրինախախտումներին, ինչպիսին է սուպերմարկետի աշխատողների անձնագրերի հավաքագրումը' սեփական ընտրատարածքում գրանցելու համար:

 

Արտակ Սարգսյանի ղեկավարած սուպերմարկետները վերջին շրջանում հայտնվեցին հասարակության ուշադրության կենտրոնում մեկ այլ' ապխտած կոկորդիլոսներ և սվարովյան քարերով զարդարված ձեթեր վաճառելու և այլ աղմուկ հանած դեպքերով:

 

Հայրենիքը չի մոռացել իր զավակի անձնվեր ծառայությունները' իշխանության հիմքերը անխաթար պահելու գործում: 2008թ. Արտակ Սարգսյանը պարգևատրվել է «Հայրենիքին մատուցած ծառայությունների համար» 2-րդ աստիճանի մեդալով:

 

Եվ այսպես, փորձառու օրենսդիրը 2012թ. մայիսի 6-ին ԱԺ պատգամավոր է ընտրվել թիվ 4 ընտրատարածքից: Հայաստանում «ընտրվել» բառը, իհարկե, կայացած փաստի շատ մեղմ բնորոշումն է, սակայն ստիպված ենք բավարարվել պաշտոնական ձևակերպումներով: Արաբկիրցիների շահերը պաշտպանելուն կոչված պատգամավորի աշխատանքային հաշվեկշռում բացակայում է օգտակար գործողության գործակիցը: Նա մասնակցել է 239 քվեարկությունների, որոնցից չորսի դեպքում է միայն դեմ քվեարկել:

 

Իհարկե, սկզբունքների մարտիկը դեմ է քվեարկել բացառապես ոչ իշխանական ուժերի ներկայացրած նախագծերին, օրինակ՝ ՀՅԴ-ի ներկայացրած նվազագույն աշխատավարձի դրույքաչափերի փոփոխությանը վերաբերվող օրենքի նախագծին և ընդդիմադիր պատգամավորների առաջարկած Ընտրական օրենսգրքի փոփոխություններին: Հասկանալի է իհարկե, որ այդ նախագծերին միահամուռ դեմ են քվեարկել բոլոր իշխանամերձ պատգամավորները: Սուպերմարկետների ցանցի ծանրաբեռնված աշխատանքին զուգահեռ' 33 անգամ բացակայել է ԱԺ նիստերից և խոսուն լռությամբ երբևէ ելույթներ կամ հարցեր կառավարությանը չի հնչեցրել: Երևի իշխանավորներին ոչ թե Ազգային ժողով է անհրաժեշտ, այլ բրենդային հագուստներով ԱԺ միջանցքներում երթևեկող հաստափոր մոդելներ:

 

Հակառակ դեպքում ԱԺ մեծամասնության մեջ անդրշիրիմյան լռություն չէր տիրի: