ԱԺ «Հայ ազգային կոնգրես» խմբակցության քարտուղար Արամ Մանուկյանը համամիտ չէ այն հրապարակումների հետ, որ ոչ իշխանական ուժերի կեցվածքը նման է կռիլովյան հայտնի առակի կարապի, խեցգետնի ու գայլաձկան պատմությանը. սայլը տեղից չի շարժվում, քանի որ քաղաքական ուժերից ամեն մեկն իր կողմն է քաշում:

 

Tert.am-ի հետ զրույցում Արամ Մանուկյանն ասաց. «Ոչ, ես համաձայն չեմ, որովհետև հիմնվում եմ առկա համաձայնությունների ու կայացած պայմանավորվածությունների վրա: Մասնավորապես, մարտիմեկյան հանձնաժողովի հարցը՝ մեր նախաձեռնությամբ, հավանության է արժանացել երեք քաղաքական ուժերի կողմից, իրենք աջակցում են այդ հանձնաժողովի ստեղծմանը, և 44 հոգի պատրաստ են մեզ հետ ստորագրելու: Բոլոր հարցերը, որ պլանավորված են ՝ կամաց-կամաց լուծելով գնում ենք»,-ասաց Արամ Մանուկյանը:

 

Նշենք, որ հայաստանյան մի շարք օրաթերթեր, այդ թվում՝ «Հրապարակն» ու «Ժողովուրդն» անդրադարձել էին նրան, որ ԱԺ 4 իշխանական ուժերին դեռևս չի հաջողվում անվստահություն հայտնել Կառավարությանը՝ վարչապետ Տիգրան Սարգսյանի գլխավորությամբ:

 

Արամ Մանուկյանի ամփոփմամբ՝ եթե կան ինչ-որ բաներ, որոնք դեռ համաձայնության դաշտում չեն, դա չի նշանակում, թե ուժերը կոնֆլիկտային են կամ առկա են անհամաձայնություններ:

 

«Ուրեմն՝ գազի հանձնաժողով, Որոտանի հետ կապված, «Նաիրիտի» և շատ այլ հարցերի հետ կապված՝ մենք առաջիկայում կունենանք շատ ավելի լուրջ ինֆորմացիա և ես կարծում եմ՝ շատ արագ կտևի, ու Կառավարության հրաժարականը կդառնա ավելի ռեալ»,-առանց «փակագծեր բացելու» հայտարարեց ընդդիմադիր պատգամավորը:

 

Ինչ վերաբերում է ավելացած ևս մեկ հանգամանքի, որ երեկ ԱԺ նախագահի մոտ 4 իշխանական ուժերից 2-ը՝ «Բարգավաճ Հայաստանն» ու «Հայ Յեղափոխական Դաշնակցությունը» միանգամից հայտարարել են, որ կմասնակցեն կոալիցիայի առաջարկած «գազային» հանձնաժողովի աշխատանքներին, իսկ «Ժառանգությունն» ու «Հայ ազգային կոնգրեսն» էլ, որ դեռ պետք է քննարկեն, քանի որ բանակցային էթիկայի խախտումներ են նկատել, ապա այստեղ ևս, ըստ Արամ Մանուկյանի, պետք չէ մութ սենյակում սև կատու փնտրել:

 

«Մենք խիստ առարկություն ունենք հանձնաժողովի աշխատանքի հետ կապված, էդ փակ աշխատանքի հետ կապված, և տեսնենք՝ երկուշաբթի իրենք ինչ կներկայացնեն, նոր մեր վերաբերմունքը կասենք»,-ասաց Արամ Մանուկյանը և բացատրեց, որ իրենց վերաբերմունքը պայմանավորված է նրանով, որ 2 տարի շարունակ պայքարում են գազային գործընթացների գաղտնիության դեմ:

 

«Դժգոհում ենք, որ Կառավարությունը գաղտնի պարտքեր է կուտակել և հիմա դրա բացահայտումը՝ նորից ավելի գաղտնի ճանապարհով, փակ նիստերով և տեղեկատվություն չհրապարակելուն՝ դեմ ենք»,-ասաց ՀԱԿ քարտուղարը: