Ամենայն հավանականությամբ ԱԺ չորս ոչ իշխանական ուժերի կողմից նախաձեռնված կառավարությանն անվստահություն հայտնելու որոշման նախագիծը մյուս շաբաթ ԱԺ քառօրյայի օրակարգում չի ներառվի:

Շրջանառվող տեսակետների համաձայն` հարցին դեռևս դեմ են ԲՀԿ-ն և ՀՅԴ-ն, ինչի պատճառը երկու ուժերում էլ գործարարների առկայությունն է:

Լուրեր.com-ի հետ զրույցում «Բարգավաճ Հայաստան» խորհրդարանական խմբակցության քարտուղար Նաիրա Զոհրաբյանն ահեթեթություն համարեց այդ տեսակետը:

«Բացարձակապես սխալ տեսակետ է` ուղղորդված կոնկրետ կենտրոնից: Քաղաքական չորս ուժերի օրակարգում այդ հարցը դրված է: Կառավարությանն անվստահություն հայտնելու հարցն անպայմանորեն` որպես Ազգային ժողովի որոշման նախագիծ, ներկայացվելու է, սակայն թույլ տվեք այս պահին, մարտավարական որոշ խնդիրներից ելնելով, կոնկրետ քառօրյայի ժամկետը չասել»,-ասաց Զոհրաբյանը:

Վերջինս վստահություն հայտնեց, որ իրենք գիտեն, թե որ պահին է հարցը բարձրացնելու ճիշտ ժամանակը:

«Քաղաքական չորս ուժերի մեջ որևէ տարաձայնություն, գոնե այս մեկ հարցում, չկա: Ինչ վերաբերում է տարածվող տեղեկությանը, թե իբր ԲՀԿ-ի գործարար թևը ներկայացնող պատգամավորները, ինչպես իրենք են գեղարվեստորեն նկարագրել, «ծեծելով չես բերի ստորագրելու», ապա, կրկնում եմ` կատարյալ անհեթեթություն է: Ես ձեզ վստահեցնում եմ, որ ԲՀԿ խմբակցությունում չի լինելու մեկ պատգամավոր անգամ, որը չստորագրի այդ նախաձեռնության տակ: Ես դա ձեզ վստահեցնում եմ և հայտարարում եմ պաշտոնապես: Դրանում կարող են չկասկածել խիստ շահագրգռված կենտրոնները»,-ասաց Նաիրա Զոհրաբյանը: