Շիրակի մարզում վարակաբանական վիճակը վերահսկելի է: Այս շրջանում տարածված են սեզոնի համար բնորոշ սուր շնչառական հիվանդությունները: Չնայած մարզի հիվանդանոցներում այս պահին կան թոքաբորբի և սուր շնչառական հիվանդության դեպքեր, սակայն ասել, որ մարզում այս ախտանիշով հիվանդների թիվն աճել է՝ սխալ կլինի:
«Սուր շնչառական հիվանդությունները տարվա երկու' գարնան և ձմռան անցումային շրջանում «աշխուժանում» են: Բայց այս պահին համաճարակային իրավիճակը մարզում այնպիսին չէ, որ մենք անհանգստանանք, թե մեր մոտ բռնկում է: Միշտ այս շրջանում ունենում ենք դեպքեր»,- նշեց Հայկուշ Ավետիսյանը:
Փետրվարի 22-ի դրությամբ մարզում կա թոքաբորբի 19 դեպք, որից 8-ը' երեխաների, մյուսները' մեծահասակների մոտ: Մարզի հիվանդանոցներում բուժում է ստանում նաև սուր շնչառական վարակներով 9 հիվանդ: «Դա մեր մարզի համար մեծ և անհանգստացնող թիվ չէ, բայց չի նշանակում, որ մենք պետք է հանգիստ լինենք: Սահմանվել է ամենօրյա հսկողություն, իրականացվում է մշտադիտարկում բոլոր բուժհաստատություններում՚,- ավելացրեց պատասխանատուն: