Շիրակի մարզում ինֆեկցիոն վիճակը բարվոք է, ոչ մի անհանգստացնող երևույթ և դեպք չի գրանցվել: Թեև մարզում հանդիպում են սեզոնին բնորոշ սուր շնչառական հիվանդությունների դեպքեր, սակայն դրանց քանակն անհանգստացնող չէ: Այս մասին «Արմենպրես»-ին վստահեցրեց Շիրակի մարզպետարանի առողջապահության և սոցիալական ապահովության վարչության առողջապահության բաժնի պետ Հայկուշ Ավետիսյանը:

 

«Ճիշտ է' մարզում եղանակի կտրուկ փոփոխությունը նպաստում է մրսածությանը, օրգանիզմի դիմադրողականության անկմանը, որն էլ իր հերթին հիվանդությունների առաջացմանը, սակայն դա նորմալ է և անհանգստացնող չէ: Սեզոնի համար բնորոշ են շնչուղիների, սուր շնչառական հիվանդությունների դեպքերը: Մարզի բուժհաստատություններից ստացված տեղեկությունները ևս հաստատում են, որ այդ թիվը անհանգստացնող չէ»,- նշեց պատասխանատուն:

 

Հոկտեմբերի 9-ի դրությամբ' Գյումրու «Ավստրիական մոր ու մանկան հիվանդանոցում» բուժում է ստանում 14 հիվանդ երեխա: «14 հիվանդ՝ չի նշանակում, որ մենք պետք է ասենք, որ մեր ազգաբնակչությունը «տառապում է» սուր շնչառական հիվանդություններով և վիճակը վտանգավոր է, բայց դա չի նշանակում, որ մենք պետք է նաև հանգիստ լինենք. մեր աշխատանքները շարունակվում են, կատարվում են կանխարգելիչ բոլոր միջոցառումները. չնայած չունենք բռնկումներ, բայց մեր բոլոր հիվանդանոցներին հանձնարարական է տրվել՝ հիվանդանոցներում ունենալ մեկուսարաններ՝ հիվանդների հոսքի դեպքում հիվանդներին տվյալ սենյակներում տեղավորելու համար»,- նշեց պատասխանատուն:

 

Գյումրու ինֆեկցիոն հիվանդանոցում այս պահին բուժում է ստանում 16 հիվանդ, որոնք թեթև վիրուսային և աղիքային վարակով հիվանդներ են:

Արմենուհի Մխոյան