Ինչպես հայտնում է UNIAN-ը, Ուկրաինայում տեղի ունեցող բախումների ժամանակ մարդկային զոհերի համար պատասխանատվությունն ընկած է Վիկտոր Յանուկովիչի և նրա վարչակազմի վրա: Այս մասին ասվում է Գերագույն ռադայում Ռեգիոնների կուսակցության խմբակցության պաշտոնական հայտարարության մեջ:
«Այժմ մեր երկրի պատմության ամենադրամատիկ, բարդ և ճգնաժամային շրջափուլերից մեկն է: Ուկրաինան թալանվեց, դավաճանվեց և կողոպտվեց, սակայն ամենասարսափելին այն է, որ շատ ուկրաինացի ընտանիքներ բախվեցին հարազատների կորուստների հետ: Հայրենքիում տիրող իրադրություններն ու մարդկային կորուստների պատասխանատվությունն ընկած է Վիկտոր Յանուկովիչի և նրա վարչակազմի վրա»,- ասվում է հայտարարության մեջ:
Կուսակցականները հայտարարել են նաև, որ իրենք դատապարտում են Յանուկովիչի փախուստը.
«Մենք դատապարտում ենք Վիկտոր Յանուկովիչի դավաճանությունը: Մենք դատապարտում ենք հասարակ քաղաքացիներին և ուժայինների կյանքեր խլած անարդար հրամանները»,- հավելել են կուսակցականները: