Ուկրաինայի խորհրդարանն աշխատանքից հեռացրել է մշակույթի նախարարի պաշտոնակատար Լեոնիդ Նովոխադկոյին, ինչպես նաև սոցիալական քաղաքկանության նախարարի պաշտոնակատար Նատալյա Կորոլեվսկայային: Ինչպես հաղորդում է ԻՏԱՌ-ՏԱՍՍ-ը, այս որոշուներին կողմ է քվեարկել ավելի քան 300 պատգամավոր:

 

Լեոնիդ Նովոխադկոն Ուկրաինայի մշակույթի նախարարի պարտականությունները կատարել է 2013թ.-ի փետրվարի 2-ից, իսկ Նատալյա Կորոլեվսկայան սոցիալական քաղաքականության հարցերի նախարար է նշանակվել 2012թ. դեկտեմբերի 24-ից:

 

Մեկ այլ որոշմամբ Ուկրաինայի խորհրդարանը Գերագույն ռադան Ուկրաինայի գլխավոր դատախազ է նշանակել Օլեգ Մախնիցկիին: Որոշմանը կողմ է քվեարկել 312 պատգամավոր՝ անհրաժեշտ 226-ի փոխարեն:

 

Գերագույն ռադան Ալեքսանդր Ռադիմենկոյին ազատել է երկրի անվտանգության ծառայության ղեկավարի պաշտոնից՝ նրա փոխարեն այդ պաշտոնում նշանակելով Վալենտին Նալիվայչենկոյին:

 

Ռադան Ուկրաինայի ազգային բանկի ղեկավար է նշանակել Ստեպան Կուբիվային, մինչ այդ բավարարելով այդ պաշտոնից Իգոր Սորկինի հրաժարականի մասին դիմումը:

 

Մեկ այլ որոշմամբ Ուկրաինայի խորհրդարանը քաղբանտարկյալներին ազատ արձակելու մասին որոշում է ընդունել: Խորհրդարանը մինչև երեքշաբթի ընդմիջում է հայտարարել: Նիստը փակելուց առաջ Գերագույն ռադայի ղեկավար Ալեքսանդր Տուրչինովը նշել է, որ առաջիկայում իրենք պետք է կենտրոնանան նոր կառավարության ձևավորման քննարկումների վրա:

 

Եվրախորհրդի համանախագահ Հերման Վան Ռոմպեյը հայտարարել է, որ ԵՄ-ն պատրաստ է աջակցել Ուկրաինային ստեղծված իրավիճակում և ստորագրել նրա հետ Ասոցացման համաձայնագիրը: