Թուրքիայի վարչապետ Ռեջեփ Թայիփ Էրդողանի և նրա որդու' Բիլալ Էրդողանի հեռախոսազրույցի ձայնագրության տարածումից հետո շատ թուրքեր տարբեր քաղաքներում բողոքի ցույցերի են դուրս եկել: Ինչպես հաղորդում է «Միլլիեթ» պարբերականը, բողոքի ակցիաները սկսվել են Ստամբուլում, Իզմիրում և Անկարայում, ապա նաև Էսքիշեհիրում, Քոջաելիում, Չանաքքալեում, Անթալիայում, Սաքարիայում, Տրապիզոնում:

 

Ստամբուլում մոտ 500 մարդ փողոցներ է դուրս եկել: Վերջիններս հանդես են եկել տարբեր կոչերով, ինչպիսիք են, օրինակ, «Կառավարությո'ւն, հրաժարական տուր», «Արդեն բավակա'ն է ստին և թալանին», «Ուղի'ղ կանգնիր, մի' թեքվիր, փողերդ թափվում են» և այլն: Ստամբուլի բնակիչները ցանկացել են քայլել դեպի իշխող «Արդարություն և զարգացում» կուսակցության գրասենյակ, սակայն ոստիկանությունը նրանց կանգնեցրել է: Կողմերի միջև բախում է սկսվել: Իրավապահ մարմինները ցուցարարներին ցրելու նպատակով ռետինե փամփուշտներ են կիրառել նրանց դեմ: Որոշ տեղերում կիրառվել են արցունքաբեր գազ և ջրցան մեքենաներ:

 

Թուրքիան ցնցած հեռախոսազրույցի ձայնագրության մեջ լսվում է, թե ինչպես է վարչապետը որդուն պատվիրում տանից դուրս հանել մեծ գումարը' մոտ մեկ միլիարդ ԱՄՆ դոլար և այն տալ գործարարներին: Խոսակցությունները տեղի են ունեցել դեկտեմբերի 17-ին ժամը 08:01, 11:17, 15:39, 23:15 և դեկտեմբերի 18-ին' 10:58 րոպեին: Վերջին զրույցի ժամանակ Բիլալը հորը հայտնել է, որ տանը դեռևս մնացել է 30 միլիոն եվրո, որն ինքը կտեղափոխի մեկ այլ վայր: