Ադրբեջանի քաղաքացիների 10 տոկոսից ավելին վարակված է մահացու Hepatit C վիրուսով, Իրանի հիվանդանոցներում հիվանդ ադրբեջանցիների թիվը ապշեցուցիչ է, փորձագետները տագնապի ազդանշան են հնչեցնում: Այս մասին հայտնում է ադրբեջանական «Ենի Մուսավաթ» թերթը:
Անունը հրապարակել չցանկացած վարակակիրներից մեկը, ով բուժման կուրս է անցնում Իրանում, թերթի թղթակցին պատմել է, որ միայն փետրվարի 22-ին իր հետ Իրան են մեկնել Hepatit C վիրուսով վարակված 200 քաղաքացիներ: Նրա խոսքով, Բիլասուվարի անցակետում Իրան մեկնողների մեծ մասը խոսում էր այդ վիրուսից:
«Այդտեղ մոտ 300 մարդ կար: Հարցումներից պարզեցի, որ նրանցից 200-ից ավելին այդ վիրուսով վարակված ադրբեջանցիներ են: Ես բուժվում եմ Իրանի «Շամս» կլինիկայում: Ինձ բուժող բժիշկն ասաց, որ միայն իրենց մոտ Hepatit C վիրուսով վարակված 500-ից ավելի Ադրբեջանի քաղաքացիներ են բուժվում: Նրա խոսքով, Իրանում Ադրբեջանի տասնյակ հազարավոր քաղաքացիներ են բուժվում այդ հիվանդությունից», -ասել է վարակակիր քաղաքացին: Նա նաեւ նշել է, որ Ադրբեջանի քաղաքացիներն այդ հիվանդությունից բուժվելու համար մեկնում են Իրան, քանի որ, Ադրբեջանի համեմատ, այնտեղ բուժումն ու դեղորայքը երեք անգամ էժան են:
Թեմայի հետ կապված' թերթի հետ զրույցում ադրբեջանցի բժիշկ-փորձագետը հայտնել է, որ Ադրբեջանում Hepatit C վիրուսը խիստ շատ է տարածված: «Վիրահատական միջամտության ենթարկվող յուրաքանչյուր 10 քաղաքացուց մեկի մոտ Hepatit C վիրուս է հայտնաբերվում: Վերջին մի քանի տարվա ընթացքում այդքան մարդու վարակվելը շատ կասկածելի է, եւ պետք է դրան լուրջ վերաբերվել: Դա արդեն էպիդեմիայի է վերածվել: Միջին հաշվով Ադրբեջանի քաղաքացիների 10 տոկոսը վարակված է Hepatit C վիրուսով: Շատերը տեղյակ չեն, որ արդեն վարակվել են: Վիրուսն այն ժամանակ է ի հայտ գալիս, երբ մարդը հիվանդանում է լյարդի ցիռոզով, այսինքն, երբ արդեն ուշ է», -ասել է ադրբեջանցի բժիշկը: