Այսօր տարածվել են Թուրքիայի վարչապետ Ռեջեբ Թայիբ Էրդողանի հեռախոսազրույցների եւս երկու ձայնագրությունները: Նրանցից մեկում Թուրքիայի վարչապետի ավագ որդին' Բիլալ Էրդողանը հոր հետ քննարկում է այն գումարի չափը, որ նա պետք է ստանա ձեռնարկատիրոջից: Նա ասում է հորը, որ ձեռնարկատեր Սըթքը Այանը պատրաստ է վճարելու 10 մլն դոլար Էրդողանին: Իսկ վարչապետը որդուն խորհուրդ է տալիս չվերցնել այդ փողը եւ ասում. «Թող բերի այն, ինչ խոստացել է: Ինչո՞ւ ուրի շները բերում են, իսկ նա' ոչ»:

 

Ինչպես հաղորդում են թուրքական ԶԼՄ-ները, բիզնեսմեն Սըթքը Այանը Լոնդոնում գտնվող նավթային ընկերության ղեկավարներից է: Նա զբաղվում է Իրանից եւ Թուրքմենստանից Թուրքիա բնական գազի փոխադրմամբ: Այդ բիզնեսմենը թանկարժեք նվեր էր արել նաեւ Էրդողանի կրտսեր որդուն' Բուրաք Էրդողանին' նրա համար կառուցելով շքեղ ամառանոց:

 

Երկրորդ ձայնագրությունը բովանդակում է Էրդողանի փեսայի զրույցը նույն ձեռնարկատիրոջ օգնականի հետ: Նրանք քննարկում են այն վայրի ընտրությունը, որտեղ ձեռնարկատերը պետք է վճարի խոստացված գումարը:

 

Երեկ համացանցում հայտնվել էր դեկտեմբերի վերջին տեղի ունեցած եւս 5 հեռախոսային զրույցների ձայնագրություններ, որոնցում Թուրքիայի վարչապետը ավագ որդուն զգուշացնում է կոռուպցիոն սկանդալի մասին եւ հանձնարարում շտապ կերպով թաքցնել նրա եւ իր մյուս զավակների տներում եղած մոտ 1 մլրդ դոլար կազմող կանխիկ փողը:

 

Այս ձայնագրությունների հրապարակումից եւ դեկտեմբերի կեսերին Թուրքիան ցնցած կոռուպցիոն սկանդալից հետո, որով բացահայտվել էր թուրքական կառավարության անդամների, նրանց մերձավորների, այդ թվում վարչապետի որդու, փեսայի եւ դստեր' հայտնի գործարարների հետ միասին խոշոր կոռուպցիոն գործարքների մեջ լինելը, Թուրքիայի վարչապետ Ռեջեբ Թայիբ Էրդողանը ամբողջովին հեղինակազրկվել է: Նրա գլխավորած' իշխող «Արդարություն եւ զարգացում» կուսակցության շարքերից զանգվածային հրաժարումներ են սկսվել:

 

Թուրքիայի «Ժողովրդի ազատագրության կուսակցությունը» (ԺԱԿ) վարչապետ Էրդողանին եւ Բիլալ Էրդողանին կալանավորելու պահանջով փետրվարի 26-ին հայց է ներկայացրել Անկարայի հանրապետական դատախազություն: ԺԱԿ-ը Էրդողանին մեղադրում է «կազմակերպված հանցագործությունների, կաշառակերության, իշխանությունը չարաշահելու, կոռուպցիայի, ապօրինությունների դեմ պայքարի օրենքին ընդդիմանալու, հանցագործ ճանապարհով ձեռք բերված ունեցվածքը թաքցնելու, արդարադատության վրա ազդեցություն գործելու մեջ»: