Թուրքիայի հարավ-արեւելքում (քրդաբնակ) հակաահաբեկչական գործողություններն ավարտվել են, իշխանությունները ձեռնամուխ են եղել տարածաշրջանի վերականգնմանը:
Այս մասին, ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը' վկայակոչելով թուրքական կառավարության պաշտոնական կայքը, այսօր թուրքական խորհրդարանում հայտարարել է Թուրքիայի վարչապետ Բինալի Յըլդըրըմը:
Թուրքիան արդեն մեկ տարուց ավելի է' Քուրդիստանի աշխատավորական կուսակցության (PKK) զինված ազատամարտիկների դեմ ռազմական գործողություններ է անցկացնում, որին Անկարան ահաբեկչական է անվանում:
«Գործողություններն ավարտվել են, եւ այժմ մենք ձեռնամուխ ենք լինում տարածաշրջանի ֆիզիկական եւ սոցիալական նորացմանը: Բոլոր ավերված շրջանները վերականգնվելու են ամենալավ տեսքով: Մենք միջոցներ ենք ձեռնարկում, որպեսզի մեր երիտասարդությունն այնտեղ լավագույն կյանք ունենա, քան սարերում (ըստ նրա' ահաբեկիչների մոտ)», -ասել է նա:
Յըլդըրըմն ասել է, որ հարավ-արեւելքում նոր գործարաններ եւ ֆաբրիկաներ կկառուցվեն, զարգացվելու է մասնավոր հատվածը, որի արտադրանքը որոշակի փուլում պետք է գնի պետությունը:
Թուրք վարչապետը նաեւ խոստացել է «հաշիվ պահանջել տարածաշրջանային իշխանություններից ահաբեկիչներին ցուցաբերած նրանց աջակցության համար»:
«Նրանց մոտ չի ստացվի ճանապարհների, զբոսայգիների, կոյուղու համար պետության հատկացրած փողերը փոխանցել ահաբեկչական կազմակերպությանը: Ամենամոտ ժամանակում մենք պատասխանատվության կենթարկենք բոլոր տեղական ղեկավարներին, որոնք այդ միջոցները չեն օգտագործել ի շահ ազգի», -ասել է Յըլդըրըմը: Նա հավելել է, որ խորհրդարանը օրենքներ կքննարկի, որոնք թույլ կտան անել դա:
Թուրքիայի քրդաբնակ շրջաններում PKK-ի դեմ պայքարի պատրվակով թուրքական զինված ուժերը դաժան ռազմական գործողություններ են անցկացրել, որի հետեւանքով ավերվել են բազմաթիվ քրդական քաղաքներ եւ բնակավայրեր, հարյուր հազարավոր քրդեր փախստական են դարձել: Դրա հետ կապված, այդ շրջանների վերականգնման համար բոլոր հարեւանների հետ հարաբերությունները փչացրած թուրքական իշխանությունները հարկադրված կլինեն խոշոր ֆինանսական միջոցներ ներդնել:
Գերմանական Deutsche Welle ռադիոկայանը հայտնել է, որ Թուրքիայի հարավային եւ հարավարեւելյան քրդաբնակ շրջաններում անցյալ տարվա ամռանից սկսված թուրք-քրդական բախումների արդյունքում 335 հազար քրդեր փախստական են դարձել եւ հարկադրված հեռացել են իրենց տներից:
Թուրքական իշխանությունների պաշտոնական տվյալներով' անցյալ տարվա կեսից մինչ այժմ այդ բախումներում 338 քաղաքացիական անձ, այդ թվում' 78 երեխա կորցրել է կյանքը: Բախումների արդյունքում 6320 շենք եւ կառույց վնասվել են, որոնց վերականգման համար կպահանջվի 340 մլն դոլար:
Լուրջ վնաս կրած կառույցների մեջ 11 մզկիթներ եւ եկեղեցիներ կան: Քրդաբնակ տարածաշրջանի կենտրոն Դիարբեքիրում (Տիգրանակերտ) 500 տարուց բարձր տարիքի մզկիթ է ավերվել: Վնաս է հասցվել նաեւ Արեւելքի միակ մեծ քրիստոնեական' հայկական Սուրբ Կիրակոս եկեղեցուն: Քանդվել է նաեւ Տիգրանակերտի Հռոմեական դարաշրջանում կառուցված պատի մի հատվածը, որը պաշտպանվում է ՅՈՒՆԵՍԿՕ-ի կողմից:
Թուրքիայի մարդու իրավունքների կազմակերպությունը հայտարարել է, որ այդ բախումներում, որը շարունակվում է այսօր եւս, կոպտորեն խախտվել է 1 մլն 600 հազար մարդու իրավունքները:
Թուրքական կառավարության հրապարակած գնահատականներով, քրդերի հետ Թուրքիայի զինված ուժերի բախումների ընացքում անցյալ տարվա հուլիսից մինչ այժմ սպանվել է ուժային ստորաբաժանումների 500 աշխատակից, մոտ 5 հազար քուրդ զինյալ:
1980-ականներից PKK-ի սկսած զինված պայքարի արդյունքում Թուրքիայի զինված ուժերի հետ բախումներում մոտ 50 հազար մարդ է զոհվել, իսկ Թուրքիայի տնտեսությունը տասնյակ միլիարդ դոլարների վնաս է կրել: