Մինչև այժմ առաջընթաց չի գրանցվել Սիրիայի հյուսիս-արևմուտքում գտնվող Հալեպ քաղաքում տեղական զինադադար կնքելու բանակցություններում:
Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը՝ վկայակոչելով արաբական լրատվամիջոցները, այս մասին հայտարարել է ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար մամուլի խոսնակ Ֆարհան Հակը՝ ավելացնելով, որ չնայած առաջընթաց չլինելուն, շարունակվում են ջանքեր գործադրվել: Նրա խոսքով' ՄԱԿ-ի բանագնաց Ստեֆան դե Միստուրան շարունակում է քննարկումներ ունենալ Դամասկոսի և Սիրիայի ընդդիմության, ինչպես նաև տարածաշրջանի և աշխարհի խաղընկերների հետ՝ փորձելով իրականացնել Հալեպում կրակը դադարեցնելու իր ծրագիրը:
«Մենք շարունակում ենք աշխատանքներ տանել կողմերի միջև տարաձայնությունները հնարավորինս սահմանափակելու ուղղությամբ մինչև հասնենք վերջնական սառեցման: Տեսնենք, թե ինչքան հեռու կարող ենք առաջ շարժվել»,- նշել է նա:
Ավելի վաղ Ստեֆան դե Միստուրան հայտարարել էր, որ Դամասկոսը պատրաստ է մասնակցել Հալեպում ռազմական գործողութունները «սառեցնելու» նախաձեռնությանը, մինչդեռ Ստամբուլում կենտրոնացած Սիրիայի ընդդիմադիր և հեղափոխական ուժերի ազգային կոալիցիան, փաստորեն, մերժել են դա: Ուստի մարտի 2-ից Հալեպ մեկնած ՄԱԿ-ի պատվիրակության ներկայացուցիչներին չի հաջողվել հանդիպում ունենալ զինված խմբավորումների ներկայացուցիչների հետ:
Սիրիայի կառավարությունը համաձայնել էր 6 շաբաթով դադարեցնել օդային և ցամաքային ռմբակոծությունները:
Դամասկոսից 360 կմ հեռավությամբ գտնվող Հալեպը, որը նաև համարվում է Սիրիայի տնտեսական մայրաքաղաքը, 2012թ. ամռանից հայտնվել է կառավարական ուժերի և զինված խմբավորումների, այդ թվում «Ջաբհա ան Նուսրա» և այլ իսլամիստական, ինչպես նաև Արևմուտքից աջակցություն ստացող ընդդիմադիր խմբավորումների բախումների թիրախում: Քաղաքը բաժանվել է երկու մասի՝ արևմտյան շրջանները գտնվում են բանակի, իսկ արևելյանը՝ զինված ընդդիմադիր խմբավորումների ձեռքում: