ԱՄՆ-ի նախագահ Բարաք Օբաման հայտարարել է, որ արտասահմանում ամերիկյան բանակի խոշոր ռազմական գործողությունների դարաշրջանը մոտեցել է ավարտին: Ընդսմին, ինչեպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը, հղում անելով ABC News-ին, պետության ղեկավարը նշել է, որ զորքերը պետք է պատրաստ լինեն կատարելու տարբեր առաջադրանքներ:

 

«Ավարտին են մոտեցել այն ժամանակները, երբ ԱՄՆ-ը ցամաքային զորքերի մասնակցությամբ խոշոր ռազմական գործողություններ էր իրականացնում այլ երկրներում»,- հայտարարել է Օբաման՝ Մակգուայր-Դիքս-Լեյքհարսթ միավորված ռազմակայանում ելույթ ունենալով 3 հազար զինծառայողների առջեւ: Նա հիշեցրել է, որ մինչեւ ընթացիկ տարվա վերջը կավարտվի հիմնական զորամասերի դուրսբերումն Աֆղանստանից:

 

Այդ երկրում անվտանգության ապահովմամբ, նրա խոսքով, 2015 թվականի սկզբից կզբաղվեն տեղական իշխանությունները: «Ավելի քան 13 տարի անց Աֆղանստանում մեր մարտական գործողությունը կավարտվի»,- ասել է նախագահը՝ հավելելով, որ այդ տարածաշրջանը դեռեւս վտանգավոր վայր է մնում:

 

Օբաման հիշեցրել է, որ Աֆղանստանում եւ Իրաքում 180 հազար զինծառայողներից կմնա 15 հազարից պակաս մարդ: «Ապագայում մեր զորքերն ավելի կոմպակտ կլինեն: Բայց, որպես ձեր գլխավոր հրամանատար, ես ցանկանում եմ վստահ լինել, որ դուք պատրաստ եք կատարելու այն խնդիրները, որոնք կարող են դրվել ձեր առջեւ»,- հայտարարել է պետության ղեկավարը: Նա ընդգծել է, որ ԱՄՆ-ի բանակը առաջվա պես կունենա ամենալավ հանդերձանքը, պատրաստվածությունն ու հրամանատարությունը: