Տնտեսական հարաբերությունների խորացումը հարևանների հետ Վրաստանի առաջնահերթություններից է եւ այդ առումով նախագահ Գիորգի Մարգվելաշվիլին խիստ կարեւորում է Հայաստանի հետ տնտեսական հարաբերությունների զարգացումն ու խորացումը: Երկօրյա պաշտոնական այցով Հայաստանում գտնվող' Վրաստանի նախագահ Գիորգի Մարգվելշվիլին ՀՀ նախագահի նստավայրում լրագրողների հետ հանդիպման ընթացքում ասաց, որ Վրաստանն ամեն ինչ անելու է այս առաջնահերթություններն առաջ տանելու եւ զարգացնելու համար:

 

Մարգվելշվիլին նշեց, որ ՀՀ-ի նախագահի հետ հանդիպման ընթացքում կարևորվել է հայ ժողովրդի դերը Վրաստանի քաղաքական, տնտեսական, մշակութային ոլորտների զարգացման գործում: «Իմ պատվիրակության մեջ ազգությամբ հայ քաղաքական գործիչներ, պատգամավորներ կան, ինչը շատ կարևոր հանգամանք է: Այս հանդիպումն ամուր հիմք է ստեղծում հայ-վրացական հարաբերությունների հետագա զարգացման համար»,-հայտարարեց Մարգվելաշվիլին' հավելելով, որ ամեն ինչ անելու է հայ-վրացական հարաբերությունները խորացնելու համար:

 

«Մենք կապված ենք ոչ միայն դարավոր բարեկամական կապերով, այլ նաև տնտեսապես ամուր կապերով: Շատ կարեւոր է, որ երկու երկրների նախագահները բազմաթիվ հարցերի վերաբերյալ ունեն նույն դիրքորոշումը»,- ասաց Վրաստանի նախագահը' հավելելով, որ իրականացրել է այցեր երեք հարևան երկրներ և բոլոր հարևաններն էլ կարևորում են Վրաստանի հետ հարաբերությունների խորացումը: Շնորհակալություն հայտնելով Սերժ Սարգսյանին ջերմ ընդունելության համար, Գեորգի Մարգվելշվիլին ասաց, որ Թբիլիսում սպասում են ՀՀ նախագահի այցին: