Հղիության ախտաբանության համավճարի ներդրումը թույլ կտա պայքարել ստվերայնության դեմ: Լրագրողների հետ հանդիպմանն այս մասին ասաց ՀՀ առողջապահության նախարարի տեղակալ Վահան Պողոսյանը: Նրա խոսքով' համավճարներից առաջացած գումարները կուղղվեն բուժհիմնարկներին: «Նպատակն է ոչ թե գումարներ հավաքելը, այլ դրա արդյունքում որակյալ բուժօգնություն ունենալը»,- ասաց Պողոսյանը, հավելելով, որ համավճարի դեպքում քաղաքացին վճարում է պաշտոնապես: «Ստվերային գումարները չեն կառավարվում: Քաղաքացին պետք է միմիայն վճարի բուժհիմնարկին, այլ ոչ բժշկին»,- ասաց նա:
ՀՀ առողջապահության նախարարության աշխատակազմի մոր և մանկան առողջության պահպանման վարչության պետ Կարինե Սարիբեկյանի խոսքով' համավճարը չի վերաբերելու սոցիալապես անապահով կանանց, ինչպես նաեւ անհետաձգելի իրավիճակներում հայտնվածներին: «Եթե կինը անհապաղ բուժօգնության կարիք ունի, ապա այս դեպքում վճարի մասին խոսելն ավելորդ է լինելու»,- հավելեց նա:
Մարտի 1-ից սկսած ամբուլատոր պոլիկլինիկական հաստատություններում ոչ բոլոր ծառայությունները կլինեն անվճար: Հատուկ խմբերում չընդգրկված քաղաքացիներն այդուհետ ստիպված կլինեն վճարել լաբորատոր ծառայությունների դիմաց: