Հայաստանի կառավարության ընդունած որոշմամբ 500 մլն դրամը գերազանցող շրջանառություն ունեցող խանութների կողմից ՀԴՄ-ների վրա գնված ապրանքատեսակների ցանկը տպելու պարտավորվածությունը կգործի ոչ թե ընթացիկ տարվա հուլիսի մեկից՝ այլ նոյեմբերից մեկից: ՀՀ կառավարության նիստում Ֆինանսների նախարարի տեղակալ Արմեն Ալավերդյանը նշեց, որ այդ գործընթացի նկատմամբ հսկողությունը կառավարությունը կսկսի նոյեմբերի մեկից:

 

«Քանի որ այս հարցը կապված է բիզնեսի տարբեր շերտերի հետ, ապա հուլիսի մեկից տարբեր պատճառներով հնարավոր չէ դա իրականացնել: Եթե տնտեսվարողները հնարավորություն ունենան դա անելու, ապա կարող են լուրջ պատասխանատվության ենթարկվել: Միայն նոյեմբերի մեկից սկսած' խոշոր տնտեսվարողները պարտավոր կլինեն ՀԴՄ կտրոն տրամադրել, որի վրա գրված կլինի ապրանքի տեսակի անունը»,-ասաց Ալավերդյանը:

 

Իր հերթին, ՀՀ վարչապետ Հովիկ Աբրահամյանը նշեց, որ նոր սերնդի ՀԴՄ-ները կոնկրետ ապրանքատեսակներով են կտրոնները տպելու: «Այս նոր ՀԴՄ-ները շատ կարևոր են: Ուղղակի ժամկետային առումով խնդիր ունենք, դրա համար ժամկետների տեղափոխում է իրականացվում»,- ասաց կառավարության ղեկավարը:

 

58 միլիոնից բարձր շրջանառութուն ունեցող սուբյեկտները նման ՀԴՄ-ներ կտրամադրեն 2015 թվականի ապրիլից, իսկ փոքր և միջին ձեռնարկատիրության ներկայացուցիչները՝ 2016 թվականի հունվարի մեկից: