Քաղաքական պլանում Հայաստանում 2012թ. կարեւորագույն իրադարձությունը խորհրդարանական ընտրություններն էին: Այդ մասին NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում նշել է «Գլոբալիզացիայի եւ տարածաշրջանային համագործակցության վերլուծական կենտրոնի դեկավար, քաղաքագետ Ստեփան Գրիգորյանը:
Գրիգորյանի գնահատականով՝ վերջին խորհրդարանական ընտրությունները, չնայած եղած խնդիրներին, նախորդից լավ էին. «Բոլոր վեց կուսակցությունները եւ քաղաքական դաշինքները, որոնք խորհրդարան անցնելու հնարավորություն ունեին, անցան: Եւ բոլոր ընդդիմադիր ուժերն այժմ ներկայացված են երկրի խորհրդարանում: Այլ հարց է, որ բոլորին հայտնի են ընտրական համակարգի լուրջ թերությունները»:
Փորձագետը նաեւ նշել է, որ տարին անցել է երկու խոշոր քաղաքական ուժերի' Հայաստանի Հանրապետական եւ «Բարգավաճ Հայաստան» կուսակցությունների մրցակցության պայմաններում: «Պայքարը ոչ թե ընդդիմության եւ իշխանության, այլ իշխանության եւ իշխանության մաս հանդիսացող քաղաքական ուժի միջեւ էր: Սակայն «Բարգավաճ Հայաստան» կուսակցության առաջնորդ Գագիկ Ծառուկյանի չառաջադրվելը լուրջ իրադարձություն է, որը կայանալիք նախագահական ընտրությունները կվերածի «տեխնիկականի»», - ամփոփել է Ստեփան Գրիգորյանը: