Հաստատվել է, որ Թուրքիայում անցյալ դեկտեմբերի կեսերին բացահայտված կոռուպցիոն սկանդալի հետքերը տանում են Ադրբեջան: Ինչպես հաղորդում է թուրքական «Զաման» թերթը փետրվարի 28-ին «Ռզա Զարրաբը կապեր է ունեցել Ադրբեջանի դատախազի հետ» կոչված հոդված էր հրապարակել, որում ասվում էր, որ անցյալ տարվա դեկտեմբերի 17-ին Թուրքիան ցնցած կոռուպցիոն սկանդալի մասնակիցներից ծագ ումով ադրբեջանցի Իրանի բիզնեսմեն Ռզա Զարրաբը Ադրբեջանի գլխավոր դատախազությունում բարձր պաշտոն զբաղեցնող գեներալ Ալի Նաղիեւի շինարարական բիզնեսից ձեռք բերված կեղտոտ փողերը փոխադրել է Թուրքիա, անտեղից էլ' Եվրոպա: Հոդվածի հեղինակը Թուրքիայի կառավարության անդամների եւ վարչապետ Ռեջեփ Թայիփ Էրդողանի' կոռուպցիայի մեջ թաղված լինելու մասին հրապարակումների համար օրերս այդ երկրից արտաքսված ադրբեջանցի լրագրող Մահիր Զեյնալովն է:

 

«Թուրքական դատախազությունում Զարրաբը ցուցմունք է տվել, որ «հրամանները ստանում էր Ադրբեջանից», ինչն էլ հաստատում է հոդվածում բերվածը: Ներկայում Ստամբուլի ոստիկանությունը ադրբեջանական կողմին տեղեկություններ է հաղորդել գեներալ Ալի Նաղիեւի կասկածելի բիզնես կապերի մասին եւ պարզաբանումներ պահանջել», -գրել էր «Զաման»-ը:

 

Ադրբեջանի գլխավոր դատախազությունն անմիջապես հանդես էր եկել «Զաման»-ի պնդումները «իրականությունից միանգամայն հեռու լինելու» մասին հայտարարությամբ:

 

Հետաքրքիր է, որ «Զաման»-ի հոդվածը հրապարակել էր նաեւ ադրբեջանական «Թրենդ» գործակալությունը, սակայն, հետո անհայտ պատճառով հանել կայքից:

 

Թեմային անդրադարձել է նաեւ թուրքական onedio.com լրատվական կայքը: Կայքի ձեռք բերած տեղեկություններով' ցուցմունք տալու ժամանակ Զարրաբը նաեւ ասել էր, որ մեծ կապեր ունի Թուրքիայում եւ Ադրբեջանում բարձրաստիճան անձանց, նախարարների, ինչպես նաեւ Ադրբեջանում անվտանգության մարմիններում եւ համագործակցում է Ադրբեջանում հակակոռուպցիոն ուղղությունում բարձր պաշտոն զբաղեցնող մի գեներալի հետ:

 

«Թուրքիայում կոռուպցիոն գործողությունը ձգվում է մինչեւ Ադրբեջան» կոչված հոդվածում onedio.com-ը գրել է, որ Զարրաբի գլխավորած կազմակերպված հանցավորության կազմակերպությունը ճամպրուկներով փողեր է փոխադրել Ռուսաստան, իսկ 2011 թ-ին նման փոխադրման ժամանակ նրա գործակալների մոտ 150 մլն դոլար անօրինական գումար է հայտնաբերվել:

 

Թուրքիայի վարչապետ Էրդողանի հանձնարարությամբ կոռուպցիոն սկանդալի գործով դեկտեմբերին թուրքական իրավապահ մարմինների կողմից բոլոր ձերբակալվածները, այդ թվում' Ռզա Զարրաբը, Թուրքիայի երեք նախարարների որդիները փետրվարի 28-ին ազատ են արձակվել: