Տեղեկատվական անվտանգության մասնագետ Սամվել Մարտիրոսյանը «Google» որոնողական համակարգի վրա ստեղծել է հայկական լրատվական մի շարք կայքերում փնտրող համակարգ: Այդ համակարգում ներառված են չորս տասնյակին մոտ հայկական լրատվական կայքեր:

 

Սամվել Մարտիրոսյանի ներկայացմամբ` որոնողական նոր համակարգում հնարավոր կլինի փնտրել միայն նորություններ եւ լուսանկարներ։ Նորությունները ֆիքսված են այնպես, որ որոնման արդյունքում գալիս են' ըստ ժամանակի, այսինքն' առաջինը բերում է այն նյութը, որը եղել է ամենավերջինը, հետո մյուսը եւ այլն։ Աջ անկյունից կարելի է փոխել և ընտրել' ըստ ամենահամապատասխանող նյութի (relevance):

 

Այդ դեպքում' «Google»-ը կելնի իր ալգորիթմներից և կընտրի լավագույն նորությունը, որը կարող է շատ հին լինել։ Լուսանկարների բաժնում հակառակն է, նախնական դրված է' ըստ համապատասխանության, աջից կարելի է ընտրել ըստ ժամանակի: Որոնողական համակարգ մուտք գործելու համար պետք է օգտագործել այս հղումները' Bit.ly/mamul և Kg.am/mamul: Այս համակարգում ներգրավված կայքը պետք է համապատասխանի մի շարք չափանիշների: