ԱՄՆ-ը հուսով է, որ առաջիկա օրերին ու շաբաթներին կհաջողվի լիցքաթափել Ուկրաինայի իրադրությունը: Այդ մասին հայտարարել է նախագահ Բարաք Օբաման՝ ելույթ ունենալով Դեմոկրատական կուսակցության համար միջոցների հանգանակության միջոցառմանը:

 

«Մեզ գուցե հաջողվի առաջիկա մի քանի օրերին ու շաբաթներին հասնել լարվածության ապաէսկալացման,- ասել է նա:- Բայց իրադրությունը լուրջ է, եւ մենք շատ ժամանակ ենք հատկացնում դրան»:

 

Ինչպես նշում Է ԻՏԱՌ-ՏԱՍՍ-ը, Օբաման վերստին հայտարարել է, որ ԱՄՆ-ը Ղրիմում Ռուսաստանի գործողությունները դիտում է որպես «միջազգային օրենսդրության արմատական խախտում»:

 

Իր հերթին Կիեւ այցելած ԱՄՆ-ի պետքարտուղար Ջոն Քերին Ուկրաինայի ժամանակավոր կառավարության ներկայացուցիչների հետ հանդիպումից հետո Ռուսաստանին մեղադրել է Ուկրաինայի տարածք զորք մտցնելու համար պատրվակ ստեղծելու փորձի մեջ:

 

Քերին այցելել է այն վայրերը, որտեղ սպանվել էին Կիեւում հակակառավարական բողոքի ակցիաների մասնակիցները: Նա վարդեր է դրել եւ մոմեր վառել զոհվածների հիշատակին:

 

«Եթե Ռուսաստանը չչափավորի իր եռանդը եւ երկխոսություն չսկսի Ուկրաինայի կառավարության հետ, ապա մեր գործընկերներին այլ ընտրություն չի մնա, քան միանալ մեզ եւ ընդլայնել քաղաքական, դիվանագիտական եւ տնտեսական գործընթացներում Ռուսաստանի մեկուսացմանն ուղղված միջոցները, որոնք ձեռնարկվում են մեր կողմից: Մենք չենք ձգտում դրան, բայց Ռուսաստանի քայլերը կարող են մեզ այլ ընտրություն չթողնել»,- հայտարարել է նա:

 

Մինչ այդ ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարի տեղակալ Յան Էլիասոնը Կիեւում հանդիպել է Ուկրաինայի նախագահի ժամանակավոր պաշտոնակատար Ալեքսանդր Տուրչինովի եւ վարչապետ Արսենի Յացենյուկի հետ: Ինչպես հաղորդել է համաշխարհային կազմակերպության մամուլի ծառայությունը, «գլխավոր քարտուղարի տեղակալն ընդգծել է ներկայիս ճգնաժամի դիվանագիտական կարգավորման խիստ անհրաժեշտությունը»:

 

Ընդսմին նա դրվատել է Ուկրաինայի ներկայիս իշխանություններին «ծավալվող իրադարձություններին կշռադատված պատասխանի» համար: