Սիրիայի հարավ-արևմուտքում՝ Սասաա և Խան աշ Շեյխ գյուղերի միջև պայթյուն է տեղի ունեցել, ինչի հետևանքով նախնական տեղեկություններով զոհեր և վիրավորներ են եղել: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը' վկայակոչելով արաբական լրատվամիջոցները, ականապատ մեքենան պայթել է ալ Ուակիա շրջանում, որին հետևել են թեժ բախումները սիրիական բանակի և զինված խմբավորումների միջև: Զինյալները 3 մեքենաներով հարձակվել են բանակի հենակետի վրա: Տեղեկություններ կան, որ սիրիական բանակը ոչնչացրել է մեքենաներից մեկը:

 

Սիրիական ՍԱՆԱ գործակալությունը տեղեկացնում է, որ բախումները բանակի և զինյալների միջև շարունակվում են Յաբրուդ քաղաքի շրջակայքում: Բանակը հաջողություններ է գրանցել Յաբրուդի հյուսիս-արևելյան շրջանում, որտեղ տասնյակ զինյալներ են սպանվել, այդ թվում՝ դիպուկահարներ: Յաբրուդի ողջ բնակչությունը հեռացել է այնտեղից' մի մասը դեպի Դամասկոս և Հոմս, իսկ մյուս մասն անցել է Լիբանանի սահմանը:

 

Բախումները շարունակվում են նաև Դարիա քաղաքում, որտեղ զինյալների թաքստոց է ոչնչացվել, ինչպես նաև Զաքիա, Մակիլբիա, Դեր Խեյբա գյուղերում ոչնչացվել են նրանց զենքերը:

 

ՄԱԿ-ի տվյալներով, Սիրիայում եռամյա հակամարտության ընթացքում զոհերի թիվը գերազանցել է 120 հազարը: